Ստեփանավան քաղաքի աջակողմյան հատվածում է գտնվում «Մայորի ձոր» քարանձավը: Հրաշք բնություն, փոքրիկ ջրվեժ: Ժայռերի կողքով անցնող նեղ արահետը տանում է «Մայորի ձոր»: Փոքր արահետի ձախ կողմում հսկա ժայռերն են, որոնց վրա ժայռափոր քանդակներ կան, աջ մասում բացվում է Ձորագետի կիրճը՝ իր ողջ հմայքով:«Մայորի ձորը» զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի, սակայն այն շատ քչերին է հայտնի: Ամեն օր, տարվա հատկապես այս սեզոնին, հազարավոր մարդիկ են այցելում Դենդրոպարկ, մինչդեռ նրանցից շատերը տեղյակ չեն մոտակա այս գողտրիկ վայրի մասին:«Մայորի ձորը» հենց այն վայրն է, որտեղ Ստեփան Շահումյանը 1899թ. իր բոլշևիկ համախոհների հետ անց է կացրել անլեգալ հանդիպումներ։ Քարանձավներից հոսող ջուրը պիտանի է խմելու համար, ինչն էլ հնարավորություն է տվել հեղափոխականներին հեռու մնալ իշխանությունների աչքից։Լոռու տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոնի համակարգող Գեւորգ Վարդանյանն ասում է՝ «Մայորի ձոր»-ը գրանցված է՝ որպես Լոռու մարզի բնության հուշարձան, զբոսաշրջային մեծ ռեսուրս ունի, սակայն մինչ օրս պատշաճ ներկայացվածության խնդիր ունի. «Եթե իրեն դիտարկենք որպես զարգացնելու նոր ռեսուրս, հրաշալի վայր է, մեծ հնարավորություն ունի, որ մարդիկ գան, բնությունը վայելեն, Ձորագետի կիրճը տեսնեն, ինչպես նաեւ՝ «Մայորի ձորը»:Տարածքը, ըստ Գեւորգ Վարդանյանի, բարեկարգվել է նախորդ տարի Երեւանի մասնավոր ընկերության, «Լոռէ» փրկարար ջոկատի ու համայնքապետարանի հետ համատեղ. «Հստակ թիվ չունենք, թե քանի մարդ է այցելել մինչեւ նախորդ տարի, թեպետ ցուցանակներ կային, սակայն շատ քիչ մարդ գիտեր «Մայորի ձորի» մասին, բայց եթե մենք սա կապենք Ստեփանավանի զբոսաշրջային մյուս ուղղություններին, Դենդրոպարկին, մի փոքր էլ սկսենք գովազդել, ապա միանշանակ այցերը կշատանան: Տեղանքը պարզապես ներկայացնելու խնդիր ունի, որով պետք է զբաղվեն թե՛ համայնքը, թե՛ մարզը ու թե՛ ոլորտի պատասխանատուները»: