Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փոշեմետալուրգիայի և նյութագիտության մասնագետ Էդվին Գևորգյանն, ով մի շարք հայտնագործությունների հեղինակ է և աշխարհում ճանաչում ունեցող գիտնական, մեր հայրենակիցն է, ծնունդով՝ վանաձորցի: Բնակվում է Ուկրաինայում: www.marzer.am-ի Լոռու մարզի թղթակիցը պարոն Գեւորգյանի հետ զրուցել է նրա մի շարք հայտնագործությունների, Հայաստանից հեռանալու ու ծննդավայր Վանաձոր վերադառնալու, Հայաստանում զրահաբաճկոնների արտադրություն հիմնելու ու առաջիկա նպատակների մասին:
-Պրոֆեսոր, խնդրում եմ պատմեք մի քանի կարևոր հայտնագործությունների մասին: Գիտեմ, որ ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունում՝ ՆԱՍԱ-ում, կարևորագույն ծրագրերից մեկին եք մասնակցել:
-Մենք ստեղծում ենք կերամիկական նյութեր և դրանց հնարավորություն ենք տալիս աշխատել էքստրեմալ պայմաններում: Օրինակ՝ փոխարինողներ ստեղծել երկաթի համաձուլվածքներին: Մեզ հաջողվեց ստեղծել մի տաքացուցիչ նյութ, որը կարող է աշխատել տիեզերական շատ բարձր վակուումում: Բանն այն է, որ մինչ այդ ոչ մի նյութ չէր դիմանում և ցնդում էր: Այդ տեխնոլոգիան օգտագործվեց ՆԱՍԱ-ի «Մարս» ծրագրում: Ստեղծեցինք ռեակտիվ շարժիչ: Մարս կատարած առաջին թռիչքը տեղի ունեցավ մեր ստեղծած բարձր ջերմաստիճանային տաքացուցիչներով:
Հետագայում մենք նոր նյութ ստեղծեցինք թեթև զրահաբաճկոնների համար, որոնք բարձր հատկանիշներ ունեն և մատչելի գներ: Դրանք փորձարկվել են ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ՌԴ-ի լաբորատորիաներում: Դրանք կարող են օգտագործվել՝ ոչ միայն մարդուն, այլև տեխնիկան պաշտպանելու համար: «Կոմպոզիցիոն նյութերը» շատ հեռանկարային ուղղություն է: Հայաստանն այդ բնագավառում մեծ հաջողություններ է ունեցել դեռ ԽՍՀՄ տարիներին: Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում կար «Փոշեմետալուրգիա» հազվագյուտ մասնագիտությունը, և մեր գիտնականներին հաջողվել է լավ նյութեր ստեղծել դեռ այն ժամանակ: ԽՍՀՄ փլուզումից հետո մենք կորցրեցինք շատ բան: Մեր կադրերը գնացին, և այդ ուղղությունը չի զարգանում:
-Այսօր մենք ունե՞նք հնարավորություն՝ վերականգնելու այս ամենը:
-Ես 2017 թ.-ին եղել եմ տաքացուցիչների գործարանում. շատ քիչ բան պետք էր այնտեղ ավելացնել, և կարող էինք արտադրությունը վերականգնել: Իհարկե, կադրային խնդիր կա, բայց լուծելի հարց է: Պարզապես պետք է լինի պետական պատվեր: Պետությունը պետք է շահագրգռված լինի, որ մենք այդ արտադրությունը զարգացնենք: Մեր արտադրանքը կարող ենք նաև վաճառել մեր հարևաններին: Դա ամենևին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ: Մենք հիմա կարող ենք ստեղծել մի նյութ, որն իր պլաստիկությամբ կարող է փոխարինել մետաղներին և աշխատել շատ բարձր ջերմաստիճաններում: Օրինակ՝ ավիացիոն շարժիչների պտտաթևերը: Փուչ բնանյութը մենք օգտագործում ենք որպես կոմպոզիցիոն նյութ: Անցյալ դարի 50-ական թթ.-ին ստեղծվեց սինթետիկ ալմաստը: Ես կուզեի, որ այդ գիտական ուղղությունը նորից զարգանար Հայաստանում, որովհետև մենք ունենք բարձր մակարդակի կադրեր, որոնք մեծ դեր խաղացին հենց խորհրդային արդյունաբերության զարգացման մեջ: Հեռանկարային ուղղություն է նաև նանո մասնիկների հետ աշխատանքը, քանի որ դրանք հնարավորություն կտան ստանալու 21-րդ դարի հեղափոխական նյութերը:
-Ի՞նչ հեռանկարներ կան Հայաստանում այս ուղղությունները զարգացնելու համար:
-Դեռ հին դարերից հայերը կարողացել են կերամիկական նյութերից ստեղծել տարբեր իրեր: Հայերը բնածին ինտուիցիա ունեն այդ բնագավառում: Այսօր նանոտեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս ատոմամոլեկուլյար մակարդակում ստեղծել նոր նյութեր, նույնիսկ ծրագրավորել նյութ, որը կարող է ունենալ այն հատկությունները, որոնք մենք պլանավորում ենք: Կարող ենք ստեղծել բարձր կարծրության նյութեր, որոնք մաշակայուն են, և դրանցից կարելի է պատրաստել կտրիչներ: Ցիրկոնյում օքսիդը, որի վրա հիմա Խարկովի համալսարանում իմ ասպիրանտներն են աշխատում, օգտագործվում է ատամնաբուժության մեջ՝ պրոթեզավորման նպատակով, քանի որ մարդկային մաշկին համապատասխանում է: Նույնիսկ կարող ենք ստեղծել մարդու ոսկորներին համապատասխան նյութ, որն ունի նույն հատկությունները: Մենք կարող ենք դա զարգացնել Հայաստանում ՝ օգտագործելով մեր փորձն ու ընդունակությունները: Մի շարք մետաղների փոխարինիչներ ստեղծելով՝ մենք կարող ենք իջեցնել դրանց գինը և օգնել արդյունաբերության զարգացմանը: Այսօր Հայաստանում շատ արդյունաբերական ձեռնարկություններ չեն աշխատում, բայց մենք կարող ենք, օրինակ, բժշկության մեջ լինել օգտակար, ռազմական ոլորտում՝ ստեղծելով զրահաբաճկոններ: Մեզ մեծ ներդրումներ պետք չեն, միայն կադրեր է պետք պատրաստել: Մենք Վանաձորում ունեցել ենք տաքացուցիչների գործարան. ամբողջ Եվրոպայում ընդամենը Շվեդիայում և Վանաձորում կային նման գործարաններ: Մենք արտադրում էինք բարձր ջերմաստիճանային կերամիկական մոլիբդենի սիլիցիումով տաքացուցիչներ: Հիմա մենք այդ բնագավառն ամբողջությամբ կորցրել ենք, այդ տեխնոլոգիան գնացել է Չինաստան: Նրանք այսօր արտադրում են և վաճառում այլ երկրների:
-Ինչպիսի՞ն են այսօր մեր կադրերը և ինչպե՞ս կասեցնել արտահոսքը:
-Մեր կադրերը մեծ պահանջարկ ունեն արտասահմանում: Օրինակ՝ մենք 10 հոգի ուղարկել ենք Սլովակիա: նրանք աշխատում են փոշեմետալուրգիական գործարանում, որի տնօրենը հայ է: Նա խնդրում է, որ նորից ուղարկենք մասնագետներ: Սա մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ, քանի որ ուղեղների արտահոսք ենք ունենում: Ես հույս ունեմ, որ դա ժամանակավոր է, և գնացած կադրերը, պայմաններ ստեղծելու դեպքում, մեծ հաճույքով կվերադառնան:
-Ինչո՞վ պսակվեց 2017 թ.-ին Ձեր կատարած այցը Հայաստան:
– Շատ էի ուզում իմ ներդրումն ունենալ իմ քաղաքի ու երկրի համար: Այդ նպատակով ունեցա մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ այդ ժամանակ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, ով խոստացավ օգնել, սակայն ոչինչ չարեց: Ապշած էի մնացել, երբ ինձ հիշեց այս պատերազմի ժամանակ: Անակնկալ զանգ ստացա նրանից, խնդրում էր օգնել զրահաբաճկոններ ձեռք բերել: Ես միշտ պատրաստ եմ օգտակար լինել հայրենիքիս: Անցած տարի ընկերներիս միջոցով փորձեցի արտադրություն հիմնել, սակայն պատերազմը խանգարեց: Հիմա էլ ընկերներիս հետ պատրաստվում ենք զրահաբաճկոնների արտադրություն ստեղծել: Արդեն հողամաս ենք վերցրել Երևանում և պատրաստվում ենք արտադրամաս կառուցել: Մեր ազգը ինտելեկտուալ շատ մեծ պոտենցիալ ունի: Եթե կարողանանք դա օգտագործել, մենք կզարգանանք:
-Վաղուց եք հեռացել Հայաստանից, ժամանակ առ ժամանակ այցելում եք: Ցանկություն ունե՞ք հիմնական վերադառնալ:
Ես Կիրովականից հեռացել եմ 1986 թ.-ին, երբ Կիևում ընդունվեցի ասպիրանտուրա: 1990 թ.-ին վերադարձա Հայաստան, իսկ 1992 թ.-ին նորից գնացի Ուկրաինա: Իմ հայրական տունը Վանաձորում է: Միշտ ուզեցել եմ հայրենիք վերադառնալ, բայց զգացել եմ, որ չեմ կարող հարմարվել տիրոջ կարգավիճակին: Այսօր վերջապես ուզում եմ մի ոտքս դնել Հայաստան, որպեսզի հետագայում երկու ոտքով կանգնած լինեմ իմ հողում:
Հերմինե Զարմանյան
www.marzer.am