Տարվա այս շրջանում շատերս ենք շտապում մեր ձմեռային ակտիվ հանգիստը կազմակերպել ձյունառատ բնության գրկում՝ հիմնականում շեշտը դնելով Ծաղկաձորի վրա: Մինչդեռ, բացի Ծաղկաձորից, ձմեռը գեղեցիկ է նաեւ Հայաստանի այլ մարզերում ու քաղաքներում: Ուր գնալ, ինչպես անցկացնել ձմռան վերջին ամիսը, որ մարզերում արժե հանգստանալ, ինչ պատկեր ունենք այսօր զբոսաշրջային ոլորտում եւ ինչն է պակասում մարզերում զբոսաշրջության զարգացմանը: Այս եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ marzer.am-ը զրուցել է «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա»ՀԿ նախագահ Յաշա Սոլոմոնյանի հետ:
-Պարոն Սոլոմոնյան, որտե՞ղ արժե անցկացնել ձմռան վերջին ամիսը,
-Արդեն նշեցիք, որ Ծաղկաձորը կա ու կա, բայց շատ գեղեցիկ է նաեւ Ջերմուկն ու ընդհանուր Վայոց ձորի մարզը: Այս տարի նաեւ ակտիվացել է այդ ուղղությունը, շատ հաճախ նաեւ ձմեռային արշավներ են կազմակերպվում դեպի Սմբատաբերդ, Եղեգիս, այնտեղ ունենք գեղեցիկ էկո հյուրանոցներ: Այսպես ասած, կարելի է ակտիվ հանգիստ ու ձմեռային արշավ կազմակերպել: Ինչու՞ հենց Վայոց ձոր, որովհետեւ նաեւ տաք է այնտեղ: Անասելի սիրուն է նաեւ Ջերմուկը, որտեղ սկսնակ դահուկորդները կարող են դահուկ քշել: Եթե դիտարկենք քաղաքային հանգիստը՝ բնականաբար Գյումրին, այցելել թանգարաններ, հուշարձաններ…իսկ Լոռին ու Տավուշն այլ թեմա է:
-Կոնկրետ դուք, Ձեր նշած տեղերից որու՞մ կանցկացնեք հանգիստը:
-Իմ նշած բոլոր տեղերն էլ կգնամ: Ես այն մարդկանցից եմ, որ ձմռանը Ծաղկաձոր չի գնում: Ես կառաջարկեմ հենց Վայոց ձոր գնալ, թեթեւ արշավներ անել, մյուս ուղղությունը՝ Տավուշի մարզ: Ու որպես քաղաքային միջավայր, գնացքով գնալ Գյումրի:
-Պարոն Սոլոմոնյան, ազգաբնակչությունը շատ հաճախ բողոքում է, որ Ծաղկաձորում գները թանկ են, արդյո՞ք Ձեր նշած վայրերը հասու են միջի խավի գրպանին.
-Գնային առումով, իհարկե, Ծաղկաձորի գները սարսափելի են, ու գուցե դա է նաեւ պատճառը, որ ես խուսափում եմ Ծաղկաձոր գնալ: Բայց այստեղ հարցը ոչ միայն գինն է, այլ նաեւ գին-ծառայություն տարբերությունը: Ունենք ամպագոռգոռ գներ, որի տակ չկա համապատասխան ծառայություն: Շատ հաճախ դահուկորդներն են դժգոհում: Ի տարբերություն Ծաղկաձորի, Ջերմուկում համեմատաբար մատչելի է, որովհետեւ նախ հեռու է, եւ հոսքն էլ այդքան մեծ չէ:
Այդտեղ կարելի է շատ մատչելի հյուրատնային տարբերակներով հանգստանալ, կամ օրինակ, նույն Եղեգնաձորում գիշերել, բայց հանգստանալ Ջերմուկում: Երբ մեզ դիմում են տուրեր կազմակերպելու համար, մենք կարողանում ենք համակցել ու մատչելի կազմակերպել, այստեղ կարեւոր է ճիշտ համադրություն անելը:
-Պարոն Սոլոմոնյան, որպես տուրիզմի մասնագետ, ըստ Ձեզ, որո՞նք են մարզերում զբոսաշրջության զարգացման խնդիրները:
-Եթե կտրվենք գլոբալ խնդիրներից, որն այսօր ունի համաշխարհային տուրիզմը՝ սկսած կորոնավիրուսից, վերջացրած Հայաստանի հետպատերազմյան դեպրեսյան, մեր գլխավոր խոչընդոտը տնտեսվարողների որոշակի գնային քաղաքականությունն է, ինչպես նաեւ տնտեսական վերջին խնդիրներով պայմանավորված մարդկանց անվճարունակությունը, բայց միեւնույն ժամանակ կան մարդիկ, ովքեր բավականին վճարունակ են, այ իրենց էլ չեն հերիքում ենթակառուցվածքները: Օրինակ ես, որ շատ հետաքրքրված եմ մշակույթով, ինձ համար լավ է գնալ վանքերը տեսնել, բայց իմ բազմաթիվ ընկերներ ձանձրանում են, որովհետեւ ենթակառուցվածք չկա: Օրինակ եթե ունես երեխաներ, ապա գրեթե ոչ մի տեղ խելամիտ որեւէ զբաղմունք չեն առաջարկում: Մինչդեռ, եթե նայում ենք նույն եվրոպական բազմաթիվ կուրորտներում ինչ հսկայական ծառայություններ են առաջարկում տարբեր տարիքի երեխաների համար, ապա այստեղ ուղակի չկա հետաքրքիր առաջարկ:
-Եթե վերլուծենք ստեղծված իրավիճակը, ապա ըստ Ձեզ, Հայաստանում ապրող միջին խավի քաղաքացին կկարողանա ՞թեկուզ 1 օրով ձմեռային հանգիստ կազմակերպել:
-Թույլ տվեք չհամաձայնել ձեւակերպման հետ, քանի որ մենք Հայաստանում չունենք միջին խավ, ու սա մեր ամենալուրջ խնդիրն է: Մենք ունենք կամ շատ հարուստ խավ, կամ կամ հազիվ ապրող խավ: Որովհետեւ եթե դա լիներ, ապա գները միջին խավի համար խնդիր չպետք է լիներ: Մենք խոսում ենք միջինից ցածր խավի պահանջմունքների մասին, բայց ներկայացնում ենք իրենց որպես միջին խավ: Շատ հարուստ խավին չի բավարարում առաջարկվող ծառայությունները, որովհետեւ իրենք սովորել են տարբեր հետաքրքիր ժամանցի, բայց մյուս խավն էլ պարզապես գումար չունի, որ գնա ու օգտվի:
-Պարոն Սոլոմոնյան, ձեր թվարկած խնդիրները՝ ենթակառուցվածքների բացակայությունից մինչեւ զբաղվածություն, մասնավորի՞, թե՞ պետության լուծելու հարցերն են:
-Սրանք կոմպլեքս խնդիրներ են, նախ՝ մենք չունենք սպառման շուկա, մենք ունենք 2 մլն բնակչություն, որի կեսը անվճարունակ է: Ինչ վերաբերվում է հարցին՝ արդյո՞ք դա պետության խնդիրն է, այո, ամեն ինչ պետք է պետությունը անի նախ որպես մենեջեր՝ մշակելով ու զարգացնելով ծրագրեր ու ստարտափեր: Դրանք պետք է լինի կոմպլեքս ստարտափ, օրինակ՝ Ալավերդիում ուզում ենք ստանանք սա: Մյուս կողմից էլ, մտածենք արեցինք, միլիոնավոր դոլլարներ ներդրեցինք, բա ո՞վ է օգտվելու դրանից: Մեզ մոտ մի քիչ ճգնաժամային վիճակ է: Ես մնում եմ այն կարծիքին, որ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ գոնե Երեւանից դուրս մենք ունենանք 1-2 ինչ որ վայրեր, որոնք քաղաքային միջավայր կապահովեն, նույն Գյումրին, նույն Գորիսը, օրինակ մեկը հյուսիսում, մեկը՝ հարավում: Պետք է ինչ-որ ստարտափ անել, ծրագրեր մշակել, որպեսզի կարողանանք նաեւ դիվերսիֆիկացնենք: Պետք է նաեւ միջավայր ստեղծել:
Marzer.am