
Շուրջ տասը ամիս փակ լինելուց հետո փետրվարի մեկից մինչեւ մարտի մեկ փորձնական ծրագրով վերսկվել է Հայաստան-Ռուսաստան երկկողմ օդային հաղորդակցությունը։ ՀՀ քաղաքացին կարող է ՌԴ մեկնել նոր կորոնավիրուսային հիվանդության բասացական թեստի առկայության դեպքում միայն՝ 72 ժամ վաղեմությամբ։ ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է այն լաբորատորիաների ցանկը, որտեղ ՀՀ քաղաքացին կարող է հանձնել թեստ։Այս մասին հայտնում է asparez.am-ը
Շիրակի մարզի գյուղական համայնքների բնակիչների գերակշիռ մասի համար եկամտի միակ աղբյուրը շարունակում է մնալ արտերկրում աշխատած գումարը։ Մոտ 350 տնտեսությունից 290-ը սեփական գումարը վաստակում է ՌԴ տարբեր քաղաքներում։ Համայնքների ղեկավարները չեն թաքցնում՝ գյուղի հարսանիքները, հուղարկավորությունները, ծննդյան, կնունքի տոները կազմակերպվում են ՌԴ-ում աշխատած գումարներով։ Գյուղացին տեղական հարկերը եւս վճարում է ռուսական քաղաքներում վաստակած գումարներով։

Արթիկի տարածաշրջանի Նահապետավան գյուղում նախորդ տարի սեփական եկամուտները դժվարությամբ են հավաքագրվել․ հիմնական պատճառը եղել է բնակիչների՝ արտագնա աշխատանքի չմեկնելը։ «Սաահմանները փակ էին, հարկ վճարելու մասին ոչ ոք չէր մտածում»,-ասում է գյուղացիներից մեկը։ Գյուղն ունի 180 տնտեսություն։
Համայնքի ղեկավար Գոռ Պետրոսյանը 2020 թվականին սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում նկատել է դժվարություններ։ Նախորդ տարի համայնքում սեփական եկամուտների հավաքագրումը եղել է 80 տոկոս, մյուս տարիներին այդ ցուցանիշն ավելի բարձր է եղել՝ 100 տոկոս։ «Շատ ծանր էր, ամեն ինչ էլ ծանր էր, այս տարի էլ է նույն վիճակը»,-ասում է նա։ Համայնքի ղեկավարը գյուղից 4 հոգու՝ արտագնա աշխատանքի մեկնելու մասին տեղեկություն ունի։ «Կարող է էլի մարդիկ կան, որոնք գնել են տոմսեր, բայց ես այդ մասին տեղյակ չեմ։ Էնտեղ գործ չկա, կարող է շատ գնացող չլինի»,-ավելացնում է գյուղապետը՝ նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության քաղաքները։
Ոսկեհասկ համայնքի 3 տասնյակից ավելի բնակիչ արդեն գնել է ՌԴ մեկնելու ավիատոմս։ «Համայնքից ՌԴ քաղաքներ մեկնողների թիվն ավելանալու միտում ունի»,-համոզված է համայնքի ղեկավար Արտաշես Սահակյանը։ Մարզկենտրոն Գյումրուց մոտ 5 կմ հեռավորությամբ գտնվող այս գյուղական համայնքն ունի 380 տնային տնտեսություն։ Տարեկան 450-500 տղամարդ է մեկնում ՌԴ՝ արտագնա աշխատանքի եւ ընտանիքին գումար ուղարկելու նպատակով։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ 2020 թվականին կարողացել է 101 տոկոսով կատարել հողի հարկի պլանը, գույքահարկի մասով է եղել խնդիրը, դա էլ պայմանավորված է եղել սեփականատերի մահվամբ։ «Մնացել են մեր բազայում, մեզ վրա ավել գումար կա նստած»,-ասում է Ա․Սահակյանն ու ավելացնում․
«Ընտանիքների միակ սեփական եկամուտը համարվում է արտերկրից՝ հիմնականում ՌԴ-ից ուղարկված գումարը»։
Հովտաշեն համայնքից տարեկան մոտ 45 տղամարդ է մեկնում ՌԴ գումար վաստակելու։ Գյուղն ունի մոտ 200 բնակիչ։ Համայնքի բյուջեն եւս քիչ է․ տարեկան գումարը մոտ 1 մլն 200 հազար դրամ է։ Նախորդ տարի, ինչպես նշում է համայնքի ղեկավար Սեյրան Փիլոսյանը, սեփական եկամուտները հավաքագրվել են 70 տոկոսով, իսկ ավելի վաղ այդ ցուցանիշն հասել է 90-95 տոկոսի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում