Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Ինչ իրավիճակ է Թուրքիային սահմանակից Արաքսավանում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին

Ինչ իրավիճակ է Թուրքիային սահմանակից Արաքսավանում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին

0

Արարատի մարզի Արաքսավան գյուղը հենց Արաքսի ափին է՝ հայ-թուրքական սահմանին: Համայնքի տարածքից ոչ հեռու հատվում են Արաքս և Հրազդան գետերը, սակայն ոռոգման համակարգը այդ գետերից չի օգտվում. Համակարգը քայքայված է:

Գյուղը Արտաշատ քաղաքից գտնվում է 7-8 կմ հեռավորության վրա, իսկ սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, վարելահողերի մի մասը հենց գետի ափին են գտնվում:  Գյուղը  ծովի մակարդակից գտնվում է 827 մ բարձրության վրա:  Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 793 մարդ, գյուղն ունի 221 տնտեսություն:

Համայնքում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնաբուծությամբ, վերջին տարիներին նաև մեծացել է ջերմոցային տնտեսությունների տարածքները:

Այս օրերին Կարսում տեղի են ունենում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ, որոնք սակայն գյուղի բնակիչների առօրյան չեն խաթարում: Գյուղամիջում, արաքսվանցի Անդրանիկն  ասում է, որ իրենց դիմացի թուրքական հատվածում խաղաղ է: Անգամ տեղյակ չի՝  դիմացի ափին թուրքերի  շարժ կա, թե ոչ: Շեշտում է, որ սահմանը խաղաղ է:

Արաքսի մի հատվածը, ինչպես Marzer.am-ի թղթակցին ներկայացրեց Արաքսավանի համայնքապետարանի գյուղմասնագետ Գեղամ Օհանյանը, գետի հունը չորացել է և ջուր չի հոսում: Նա նաև նշում է, որ խնդիրն առաջացել է տարիներ առաջ, երբ Մեծն Հովնան ընկերությունը Արաքսի ափին զբաղվել է ավազի արդյունահանմամբ, արդյունքում գյուղի տարածքում Արաքսը փոխել է իր հունը, խախտելով հայ-թուրքական պետական սահմանը՝  ի վնաս Հայաստանի:

Ի դեպ, այս ամենը ներառված է նաև Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության փաստաթղթում, որտեղ նշվել է սահմանին՝ Արաքսից 300 մետր հեռավորության վրա, գետի հունը խախտվելու պատճառով ընկերությունը գետի ափերի որոշակի ամրացման աշխատանքներ է կատարել, սակայն ընկերության գործունեությանը տրվել է բացասական եզրակացություն: Բացի այդ, փորձաքննությամբ նշվում է, որ ընկերությունը չի ներկայացել հիմնականը, թե ինչու և ինչպես է պատահել, որ ընկերության գործունեության արդյունքում խախտվել Արաքս գետի հունը:

Բացի այդ, ժամանակ առ ժամանակ Թուրքիայի կողմից անցանկալի հյուրեր են հայտնվում գյուղում, վերջինը, ըստ Գեղամ Օհանյանի, 2 տարի առաջ բռնել  է իր որդին, ջերմոցներից ոչ հեռու: Մարդիկ հաց են տվել սահմանախախտին, վարունգ են հյուրասիրել. պարզվել էր պակիստանցի է եղել և տեղեկացրել են ռուս սահմանապահներին, նրան եկել-տարել են:

«Սահմանախախտներից 80-90 տոկոսին գյուղում բռնում են: Փոքր գյուղ է, բոլորը բոլորին ճանաչում են, անծանոթ մարդ տեսնելուց՝ զգոն են: Գյուղում 6-7 կամավոր հերթապահ խումբ կա, որ նման դեպքերում գործում են»,- ասում է նա և հիշում, որ տարիներ առաջ աֆրիկացի էր խախտել սահմանը, պատառոտված հագուստով էր եղել, մտել էր խանութ և նրա ճանապարհորդությունն ավարտվել էր հենց խանութում:

Գյուղի բնակիչները չեն հիշում, որ այս տարիներին հայկական կողմից Թուրքիայի տարածք անցնողներ լինեն, իսկ մոտավորապես երկու տարին մեկ անգամ նման դեպք պատահում է՝ Թուրքիայից ամենատարբեր ազգության մարդիկ սահմանախախտումներ են անում, սակայն գյուղը սահմանապահ է և զգոնությունը նրանց հիմնական դիմագիծն է:

Արաքսավանցիներին հետաքրքիր չէ,  թե ինչ կա գետի հակառակ կողմում, ապրում են իրենց կյանքով. մարդիկ ժամանակ առ ժամանակ գնում են ձկնորսության`Արազից ձուկ են բռնում, մշակում են իրենց հողատարածքները, իհարկե ռուսական անցաթղթերով:

Նշենք, որ Արարատի մարզի տարածքում հայ-թուրքական սահմանի երկայնքով գտնվում են նաև Խոր Վիրապ, Նորամարգ, Ռանչպար, Եղեգնավան, Նոյակերտ գյուղերը:

Հավելելենք, թուրք-ադրբեջանական զորավարժությունները Կարսում շարունակվելու են մինչեւ փետրվարի 12-ը:

Գոհար Ստեփանյան, Արարատի մարզից հատուկ Marzer.am-ի  համար

Մեկնաբանել