Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Ո՞րն է ձեր առավելությունը, որ Ավինյանը ձեզ ընտրեց. լարված վիճակ Գյումրու N25...

Ո՞րն է ձեր առավելությունը, որ Ավինյանը ձեզ ընտրեց. լարված վիճակ Գյումրու N25 դպրոցում. Armtimes

0

Վաղ առավոտից Գյումրու համար 25  դպրոցում մեծ իրարանցում էր: Ուսուցիչները գործադուլ, ծնողները դասադուլ էին արել, փակել դպրոցի մուտքը, որպեսզի նոր տնօրենը չկարողանա ներս մտնել, հայտնում է Armtimes.com-ը:

«Հեռացի՛ր, ամո՛թ, վե՛րջ հովանավորչությանը» և այլ վանկարկումներով նրանք դիմավորեցին Իրինա Բաղդասարյանին: Ոստիկանների ներկայությունն անգամ հարցի լուծում չեղավ: Դպրոց մտնելու հնարավորություն ունեցան միայն Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն ու վարչության ևս մեկ աշխատակից:

Ծնողները պնդեցին. թույլ չեն, որ նոր տնօրենն անցնի աշխատանքի, քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի բացատրել, թե ինչի համար է մրցույթի ընթացքում 2 միավոր հավաքած Բաղդասարյանին գերադասել 4 միավոր հավաքած, թիվ 25 դպրոցի մանկավարժ Մերուժան Մինասյանից:

Հիշեցնենք, որ կայացած մրցույթում երկու թեկնածուներից ոչ մեկն օրենքով սահմանված 5 ձայնը չի հավաքել, և ընտրությունը թողնվել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:

«Լավ, ընդունենք, որ հեչ մե թեկնածուն էլ չի հաղթել, հմի Ավինյանը ինչ ձևով կբացատրե, թե ինչի հիման վրա է ձեզի առաջարկե: Մենք բազմիցս գրավոր դիմումներ հղեցինք, ու չեն պատասխանե, որն է ձեր առավելությունը, մենք ընդհանրապես չենք տեսնում»,-  Բաղդասարյանին դիմեց ծնողներից մեկը:

Նոր տնօրենն ասաց՝ իր առավելությունը տեսել է փոխվարչապետը, ձեր հարցն էլ հենց նրան է պետք ուղղել:

«Նախ փոխվարչապետը օրենքի խախտում է կատարել, եթե ձեր եղբայրն իրավաբան է, պարտավոր էր ձեզ բացատրեր: Այս երկիրը դեռ մնացել է քավոր-սանիկ հարաբերության մեջ, որը դուք օգտագործեցիք: Ավինյանի աշխատակազմը պարտավոր էր 5 աշխատանքային օրվա ընթացքում իր առաջարկությունն աներ, չի արել: Մենք դիմել ենք ու պատասխան չենք ստացել, դրա համար թույլ չենք տա ձեզ ներս մտնիք՝ մինչև մեր խոսքը հասնի պատկան մարմիններին: Վարչապետին էլ ենք դիմել: Եթե մեզ գրավոր պատասխան տան, թե որն է եղել ձեր առավելությունը դպրոցի տնօրեն նշանակելու համար, միանշանակ մենք մեր նախաձեռնությունը կվերջացնենք, բայց քանի դեռ դա չի կատարվել, ներս չեք մտնի»,-  հայտարարեց ծնողներից մեկը:

Անկախ տիրող իրավիճակից՝ Իրինա Բաղդասարյանն ասաց՝ դրական է տրամադրված: Նեղանձնային շահերից բխող այսօրվա ելույթները, ըստ Բաղդասարյանի, օրենսդրության հետ կապ չունեն: Իսկ իր աշխատանքը պատկերացնում է նորմալ: «Կաշխատեմ և՛ ուսուցչական, և՛ ծնողական անձնակազմի հետ, շատ հանգիստ: Ես չգիտեմ՝ ինչի համար են դեմ»,- ասաց Բաղդասարյանը:

Ի տարբերություն Բաղդասարյանի՝ դպրոցի անձնակազմը նրա հետ իր աշխատանքը չի պատկերացնում: Լրագրողների հետ զրույցում շախմատի ուսուցիչ Վանիկ Դիլոյանն ասաց՝ չեն էլ ուզում պատկերացնել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանել