«Գեղարքունիքի մարզում որոշակի փլուզումներ կան: Այս պահին վնասի մասին հստակ չենք կարող ասել, բայց փլուզվել են չօգտագործվող, հին որոշ դեպքերում՝ հողաշեն շինություններ: Արտանիշի դպրոցի հին մասնաշենքի մասին որ խոսվում է, դարձյալ հին, չշահագործվող շենք է, պատերի մի մասը փլուզվել է»:
Այս մասին «Marzer.am»-ի հետ հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ այլ ավերածությունները հիմնականում անասնագոմեր են, ոչ թե տներ:
Մարզպետը մեր թղթակցին վստահեցրեց, որ խոսքը ոչ մեծ քանակի՝ մի քանի անասնագոմի մասին է, կան նաեւ դեպքեր, երբ խանութների ցուցափեղկերն են քանդվել:
«Ավերված շինություններ մի քանի համայնքներում կան՝ Շորժայում, Արտանիշում, ճամբարակում:
Քանի որ մեր ժողովրդի մոտ խուճապային որոշակի տրամադրություններ կան, հատկապես, որ էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել, մարդիկ դուրս են եկել իրենց բնակարաններից ու որոշ ժամանակ մնացել դրսում»,-եզրափակեց մարզպետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 — 4 բալ ուժգնությամբ:
Ժամը 20։10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել։