Գլխավոր Ահազանգ Սահմանամերձ Բաղանիսը տեւական ժամանակ է՝ խմելու ջուր չունի. Ջուրը կրում են հարեւան...

Սահմանամերձ Բաղանիսը տեւական ժամանակ է՝ խմելու ջուր չունի. Ջուրը կրում են հարեւան գյուղից. (լուսանկարներ, տեսանյութ

0

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղն արդեն մի քանի ամիս է՝ զրկված է խմելու ջրից: Marzer.am-ին ահազանգած բնակիչների խոսքով, եթե նախորդ տարիներին գոնե մի քանի ժամով ջուր ունեին, ապա վերջին շրջանում գյուղ ոչ մի կաթիլ ջուր չի մտել. «Ու մենք համարվում ենք սահմանամերձ գյուղ, սահմանապահ գյուղը անգամ խմելու ջուր չունի, էլ ինչ ենք ուզում կամ պահանջում»,-վրդովված պատմում էին գյուղացիները:

Ահազանգի հետքերով Marzer.am-ի նկարահանող խումբը շտապեց Բաղանիս՝ տեղում լսելու սահման պահող գյուղացուն:

Թեպետ գյուղում բոլորն են դժգոհ ջրի բացակայությունից ու անհարմարություններից, սակայն ձայնագրիչի ու տեսախցիկի առաջ ոչ բոլորն են համաձայնում խոսել: Համաձայնելուց հետո էլ հիշեցնում են՝ իրենց բողոքը ոչ գյուղապետի դեմ է, ոչ էլ որեւէ մեկի, իրենց նպատակը կենարար ջուր ունենալն է:

83-ամյա Սերյոժա Միքայելյանը, որ մինչ օրս ապրում է Բաղանիսում, նման իրավիճակ չի հիշում, ասում է՝ 2 ամիս է, ինչ մի գրամ ջուր չեն տեսել. «Գնում ենք Ոսկեպար գյուղից ցիստեռներով, «կանեստրներով» ու շշերով կրում-բերում: Մեկն ասում է՝ ջրագիծն է փչացել, մեկն ասում է չգիտեն ինչից է, ամեն օր էսօր-էգուց են անում, սպասում են էքսկավատորի գալուն, որ քանդեն, խնդիրը գտնեն»,-ասաց  Սերյոժա պապը՝ այս ամենը կապելով նաեւ երաշտի ու ջրի սակավության հետ:

«Մենք երբեք էլ ըստ պահանջի ջուր չենք ունեցել, մի քանի օրը մեկ տալիս էին, մի կերպ յոլլա էինք գնում»,-marzer.am-ին ասաց գյուղի ներքեւի հատվածում գտնվող տներից մեկի տանտիրուհին՝ հիշելով նաեւ իրենցից քիչ հեռու ապրող հարեւանի խնդիրը. «Բայց այ իրենք, որ վերեւն են ապրում, իրենց պռոբլեմն ավելի լուրջ է…»,-ասաց բաղանիսցի կինը:

Խմելու եւ կենցաղային հարցերը լուծելու համար բնակիչները ջուրը բերում են հարեւան Ոսկեպար գյուղից, նրանք, ովքեր մեքենա ունեն՝ սեփական մեքենաներով են բերում, ովքեր չունեն՝ ջրի բաք ունեցող մեքենա են վարձում, վճարում, նոր միայն ջուր ունենում. «Մի տոննա ջուր բերելու համար 3000 դրամ փող ենք տալիս, որ բերեն, մարդն էլ գազ է լցնում, չարչարվում, իբր էստեղ ապրելու պայման ունենք, մի հատ էլ ջրին ենք փող տալիս»:

Մեզ հետ զրուցող կանանցից մեկի տան նկուղներում բազմաթիվ տարաները նկարահանման ժամանակ  արդեն  դատարկ էին,  սպասում էին  ջրի մեքենայի գալուն:

Ժաննա Մարգարյանի ամուսինը պայմանագրային զինծառայող է, 2 տղաներից մեկը՝ պարտադիր ժամկետային զինծառայող է, մյուս տղան էլ առաջիկայում կմեկնի ծառայության: Թեպետ մեքենա ունեն, սակայն ջրի գնալ ամեն անգամ չէ, որ ստացվում է. «Երբ իջնում է ծառայությունից, որ ժամն էլ լինի՝ գնում է ջրի»,-ասաց տիկին Ժաննան՝  նշելով, որ կոնկրետ իրենք ավելի քան 1 տարի ջուր չունեն: Բնակիչներն ասում են՝ իրավիճակը ավելի է վատացել գյուղում տարիներ առաջ կառուցված նոր ջրագծի հետեւանքով. «Հին սիստեմով ավելի լավ էր, քան էս նորով»:

Բաղանիսցի Լյովա Ամիրզյանը սեփական ձեռքերով 500 լիտր տարողության մետաղական տարա է պատրաստել, տեղադրել կցորդիչի վրա, որով էլ ամեն օր հարեւան գյուղից ջուր է կրում իր համար. «Ես ու կինս թոշակառուներ ենք, ապրում ենք թոշակով, ամեն անգամ ոնց կարող ենք գնալ ջուր կրել, էս որ թիվն է…հասկանում ենք, աղբյուրները ցամաքում են, բայց  մնացած ջուրն էլ նորմալ տեղ չի հասնում: Հոկտեմբերից այս կողմ այս վիճակն է»,-ասաց պարոն Լյովան՝ դժգոհելով պետության ուշադրությունից իրենց նկատմամբ.

«Հարցը նրանում է, որ սահմանի ժողովուրդ ենք, աշխատանք չունենք, մի քանի կոպեկ թոշակ ենք ստանում, էդ թոշակից էլ եթե ես գազ լցնեմ, էս իրավիճակում սա անթույլատրելի է, ոչ հետաքրքրվող կա, ոչ աջակցող»:

Լյովա Ամիրզյանը սահմանամերձ համայնքներին դարձվող ուշադրությանը մեկ բառով է նշում՝ վատ. «Ամեն ինչով է վատ, մենակ ջրի հարցը չէ: Սահմանամերձ ու սահմանապահ գյուղը պետք ա շատ արտոնություն ունենա, կոնկրետ ես սեփական մաշկիս վրա ոչ մի արտոնություն երբեք չեմ զգացել բացարձակ, մեկը մի օր չեկավ ասի՝ այ ընկեր ջան, ոնց եք յոլլա գնում»:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանին հանդիպեցինք գյուղի վերջնամասում, տեխնիկան ճանապարհ  էր քանդում, ասած՝ ջրագծի վթարի տեղն են փորձում գտնել: Գյուղապետը եւս հաստատեց՝ ջրի խնդիր գյուղն իսկապես ունի. «Այսօր արդեն մեկ ամիս է, որ գյուղը խմելու ջրի խնդիր ունի, դրանից առաջ էլ խնդիր ուներ, բայց ջուր կար, պարզապես քանակն էր պակասել՝ բնակլիմայական պայմաններից ելնելով: 2015-2016թթ  IFAD-ի ֆինանսավորմամբ 256 մլն դրամ արժողությամբ ծրագրով ամբողջ գյուղի ներքին ցանցը կապիտալ վերանորոգվեց՝սկսած աղբյուրակապից, 2 ՕԿՋ-ներից(Օրվա կարգավորիչ ջրամբար): Կառուցվելուց հետո եղել է ժամանակ, որ գյուղը օրը 24 ժամ ջուր է ունեցել: Բնակլիմայական պայմանների կտրուկ փոփոխություններից սկսեցին ջրերը պակասել, մեր աղբյուրներն էլ բնական աղբյուրներն են, հունվարի 8-ից մինչ օրս աղբյուրակապից մինչեւ ՕԿՋ ջուրը կորչում է»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ շուրջ մեկ շաբաթ է քանդման աշխատանքներ են իրականացնում տարբեր հատվածներում՝ գտնելու ջրի կորուստի տեղը: Հարցին, թե ինչու են նոր սկսել, պատասխանեց. «Ձյուն էր, բուք էր, սառած էր ճանապարհը, տեխնիկան չէր հասնում հանդամաս»:

Ճշտող հարցին՝ այսինքն 1 ամիս գյուղ ջուր չի մտել, դրական պատասխան տվեց:

Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ նախորդ տարի պետք է սկսվեին գյուղում արտեզյան ջրի որոնման աշխատանքները, սա, ըստ համայնքի ղեկավարի՝ փրկություն կլիներ գյուղի համար: Պատերազմի հետեւանքով աշխատանքները նախորդ տարի չիրականացան, այսօր արդեն, մասնագետներն ու հորատող տեխնիկան գյուղում են. «Սա այլընտրանք է գյուղի համար»,-ասաց Նարեկ Սահակյանը՝ հերքելով լուրերը, թե կես տարուց ավելի է, որ գյուղում ջուր չկա. «Որ ընդհանրապես ջուր չի մտել գյուղ, սուտ է, իսկ քանակի առումով՝ այո, ավել էլ կլինի»:

Գյուղապետը եւս փաստում է՝ 1 ամիս է գյուղում վիճակը ծանր է. «Շատ ծանր է, իրենց միջոցներով, մեքենաներով գնում բերում են, էս պահին ջրի մեծ խնդիր կա, այս պահին Ոսկեվանն էլ է ջուր կրում, Կոթին էլ»,-ասաց պարոն Սահակյանը, նշելով, որ իրենց միակ հույսը արտեզյան ջրերն են:

Սահմանամերձ Բաղանիս համայնքը 832 բնակիչ ունի՝ 262 տնտեսություն: Գյուղի առաջին տունը հակառակորդի սահմանից գտնվում է 600 մետր հեռավորության վրա, դպրոցի շենքը՝ 800:  Թշնամուց մի քանի հարյուր մետր հեռու ապրող բնակիչների համար, փաստորեն, չլուծված է մնում անգամ խմելու ջրի հարցը:

Էդվարդ Արզումանյան, Տավուշի մարզ

Marzer.am

Մեկնաբանել