Արսեն Վարդանյան կամ Շիրակի Բազե: Երկու տարբերակով էլ գյումրեցի երիտասարդը հայտնի է ոչ միայն Գյումրիում, այլ նաև աշխարհի շատ երկրներում: Գյումրիում տես ու ճանաչ է գրեթե բոլորին, արտերկրում Բազեին մեծապես ծանոթ են նրա մտահղացումների և իրականացրած աշխատանքների շնորհիվ:
Ինչպես բրենդավորել Գյումրին:
Արսենն ընկերների հետ մինչ օրս էլ այս փնտրտուքի մեջ է: Վստահ է, որ այդ գլխավոր հարցի պատասխանի որոնման ճանապարհին դետալների վրա պետք է աշխատել: Գյումրու թիվ մեկ բրենդը հումորն է: Աղբյուրը՝ մարդը, ֆինանսական ռեսուրսը՝ զրո դրամ:
«Ամենաանցանկալի պահերից մեկն է, որ ամենաանհավանական պահին կսեն հլը մե հատըմ անեկդոտ պատմե, ըդիկ ձեր մոտ լավ կստացվի: Ու քանի որ էս երևույթը կար, որոշեցինք, որ ավելի լավ է համացանցում դա հիմք դառնա: Հոմորը որպես զրո դրամ ռեսուրս ամեն օր կա, կերտա կկորի, բերեք հավաքենք իրար գլուխ: Ու ստեղծվեց «Կատակում են գյումրեցիները» Ֆեյսբուքյան էջը, որը մեծ թվով հետևորդներ ունեցավ»,Marzer.am-ի Շիրակի թղթակցին պատմեց Արսենը:
Առաջին այս քայլին զուգահեռ Արսենը սկսեց մտածել, թե ինչպես է հնարավոր քաղաքի պատմական միջուկում փլված պատերն, օրինակ, ներկայացնել այնպիսի ձևաչափում, որ մարդը նեգատիվի մեջ դրական լույս տեսնի: Հենց այդ որոնումներն էլ «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամներին տարավ դեպի «Խոսող պատի» գաղափարին:
«Նայեցինք, թե էդ պահին ինչ հիթային արտահայտություններ կային, որոնք կարող էին մեծ արձագանք ունենալ համացանցում, և որպես այդպիսին որոշեցինք մեկից սպիտակ, մյուսից սև ներկ խնդրելով, ոչ թե նոր, այլ շինարարությունից հետո մարդկանց տներում մնացած ներկերը հավաքել, դիմել մեր նկարիչ ընկերներին և Գյումրու մասին հայտնի ու անհայտ խոսքերը, Աշոտ Գյումրու, Պոլոզ Մուկուչի մտքերը, չեմպիոններին վերաբերող կատակները փակցնել պատերին՝ ցուցանակների տեսքով: Էդ ժամանակ հակասական բան տեղի ունեցավ: Նախ քաղաքից մեծ արագությամբ սկսեցին վերանալ դրանք: Անհասկանալի էր: Ու մեկ էլ վերջերս մտնում ենք մի վարպետի տուն, տեսնենք, մեր ցուցանակներից մեկը պատին է փակցված: Հարցնում եմ սա որտեղից, ասում է եսիմ ով էր տարել զարգել անտեր մե բլած պատիմ: Էս ղայդով բանը մնացել էր փողոցը, առա բերի տուն»:
Հաջորդ քայլով Գյումրիում ծնվեց «Անեկդոտների պատը»: Գյումրու հենց կենտրոնում, ամենամարդաշատ վայրի շենքերից մեկի պատը տարին բոլոր անընդհատ իր մոտ է հրավիրում ոչ միայն գյումրեցիներին կամ հայերենին տիրապետողներին, այլ նաև քաղաքի հյուրերին, անգլերենին ու ռուսերենին տիրապետողներին: Զբոսաշրջային կազմակերպությունների այցելությունների ցանկում «Անեկդոտների պատը» միշտ ներկա է:
«Ընկերներից մեկը՝ Գեդեոնը Դանիայում էր եղել, և տեսել, որ «Ուրախ պատ» կա, յուրաքանչյուրը գալիս, մի ուրախ արտահայտություն է գրում այդ պատին, մենք էլ մեր ներքին խասյաթը հաշվիառնելով, որոշեցինք, ոչ թե գրել, այլ անեկդոտները ներկայացնել ստանդարտ՝ տպագրված տեսքով: Մեզ միացան տարբեր կազմակերպություններ, և կարողացանք այն իրականություն դարձնել»,-ասաց Արսենը:
«Գյումին մեր տուն է» նախաձեռնության հերթական նորարարությունը, որը քաղաքին նոր շունչ, պլաստիկին էլ նոր կյանք տվեց Խցաններով խճանկերներն էին, որոնք սկսեցին հայտնվել քաղաքի շենքերի պատերին: Արսենն ասում է գաղափարի հեղինակն են, բայց երբեք մենաշնորհային չեն համարել ոչ մի ձեռնարկ: Ինքն ու ընկերները դրական օրինակ են ծառայում: Կատարած յուրաքանչյուր քայլը համացանցում շրջանառում են: Սա շատ կարևոր է քաղաքի ներկայացվածության բարձրացման և հետաքրքրությունների առաջացման առումով:
Այսօր, ըստ Արսենի, զգացվում է ստեղծագործ մտքի պակաս: Կրթական համակարգը երեխային, երիտասարդին կաշկանդում, վախեցնում է, կյանք մտնելու հնարավորություն չի ստեղծում: Իսկ մեզ պետք են երիասարդներ, որոնք հաջողության հասնելու համառություն կունենան: Նաև ստեղծագործ մտքեր ու ինքնուրույնություն:
Հենց այս ճանապարհն էլ տարավ խաղալիքի աշխարհը՝ վերադարձ մանկություն: Շուկայում առկա չինական կամ այլ երկրի արտադրության անորակ, անիմաստ, ագրեսիվ տեսքերով խաղալիքներին եկավ փոխարինելու Գյումրիում հայտնի ֆռիկը: «Ընկերս՝ Գագիկը մե օրմ ըսավ, թե բեր ֆռիկ ճարենք, խաղանք, հավեսներս առնինք, հազար տարի է, չենք խաղցել: Ու մենք կանգնանք խնդրի առաջ: Պարզվավ, որ ֆռիկ ճարելը բարդ գործ է: Շատ վարպետների դիմեցինք, չսարքեցին, կսեին այ մարդ, ինչ ֆռիկ, ֆռիկի դարն անցել է: Շուկայում երեք հատ հազիվ գտանք, մեկը կորցրեցինք, մեկը խաղալուց ջարդեցինք, մեկն էլփայփայեցինք, մինչև հասկանայինք, ինչ անեինք հետո: Հետո վարպետ գտանք, որը համաձայնեց ֆռիկ սարքել»,-հիշում է Արսենը:
Գյումրիկները ծնվել են Սյուզաննա Իգիթյանի համահեղինակությամբ: Արսենը փայտն է պատրաստում, Սյուզաննան վրձնով շունչ ու հոգի է տալիս մարդուկին:
Սկզբում 20 ֆռիկ պատրաստվեց, ընթացքում էլ գաղափար առաջացավ այն նկարազարդել ու պատրաստի արտադրանքը համացանոցւմ ներկայացնել: Արձագանքը երկար սպասեցնել չտվեց իրեն: Վայրկյանների ընթացքում դրանք սպառվեցին: «Իմ ֆռիկը» դարձավ տեղական սպիներ»,-կատակում է արսենը:
Սկզբում այն խաղացին Գյումրիում, մեծահասակներն իրենց մանկությունը հիշեցին, երեխաներին ու թոռներին սկսեցին սովորեցնել ֆռիկ խաղալ: Հետո Գյումրու ֆռիկը հասավ աշխարհի տարբեր երկրներ: «Մի անգամ մի տատիկ եկավ, ֆռիկն առավ գնաց, մեկ էլ քանիմ ժամ հետո մեր էջին կգրե, թե դուք դեռ կաշխատի՞ք, բա՞ց եք: Մենք էլ մտածեցինք, թե ինչ խնդիր է եղել, տեքստ կմտածենք, որ ներողություն խնդրենք: Տատիկն եկավ, պարզվավ, որ թոռի համար էր գնել ֆռիկը, թոռը քնած է եղել, պապն է վերցրել որ խաղա ու պապ ու թոռ մեկ ֆռիկը չեն կիսել: Մի հատ էլ պապիկի համար առավ»,-ուրախ ու իրենց աշխատանքից գոհ մեզ հետ զրույցում պատմեց Արսենը:
Հերթական նախաձեռնությունը ծնվեց ինչ-որ մեկի, կամ ինչ-որ բանի պակասը լրացնելու ցանկությունից: Պետք էր բարիություն տարածող արժեք: Դրանք եղան փայտե փոքրիկ տիկնիկները: Անուն էլ ունեն՝ Գյումրիկ:
Գյումրիկներից յուրաքանչյուրն իր ասելիքն ունի, գեղեցիկ հույզ ու էմոցիա: «Ու մենք սկսեցինք հույզ վաճառել»,-ասում է Արսենը: Մարդիկ նաև իրենք կարող են պատվիրել, թե իրենց Գյումրիկն ինչ ասելիք ունենա: «Մենք ընկերներ ունենք Ավստրիայում, հիվանդանոցում են աշխատում, դատարկ էին պատվիրել Գյումրիկները, որ իրենք իրենց լեզվով գրեին սիրուն խոսքեր իրենց հիվանդներին, որոնք չեն հաղթահարում հիվանդության հոգեբանական բարիերը: Ու դա նրանց անչափ դուր է եկել»,-պատմեց Արսենը:
Այսօր հենց նման դրական էմոցիաներն են պետք ոչ միայն «Գյումրին մեր տունն է» նախաձեռնությանն ու Գյումրուն, այլ աշխարհին ընդհանրապես: «Մարդկանց խնդիրների լուծումը չունենք, բայց դրական տարրեր նրանց կյանքում կարող ենք ներմուծել: Սա ամենակարևորն է»,-զրույցն եզրափակում է Շիրակի Բազեն:
Սամսոն Մատինյան, Շիրակի մարզ
Marzer.am