Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ «Տղե՛րք, դուք եք հայկական բանակը»․ Կոտայքի մարզպետ

«Տղե՛րք, դուք եք հայկական բանակը»․ Կոտայքի մարզպետ

0

Փետրվարի  9-ին, Կոտայքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2021թ. առաջին նորակոչիկները:

Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվել է նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու կարգ, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Աբովյան քաղաքային համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանը, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի, Ռազմական ոստիկանության եւ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաեւ մարզային եւ քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ:

 Շնորհավորելով եւ բարի ծառայություն մաղթելով նորակոչիկներին՝ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր խոսքում ասել է.  «Սիրելի՛ զորակոչիկներ, Հայաստանն ու ՀՀ զինված ուժերն այսօր ապրում են դժվարին ժամանակներ, այսօր, առավել քան երբեւէ հայ զինվոր լինելը բարձր ու պատասխանատու կոչում է:  Երբե՛ք ու երբե՛ք չմտածեք, թե Հայոց բանակը, հայ զինվորը պարտված է, կասկածի նշույլ անգամ չունենանք, որ որեւէ ժամանակ զինվորը, սպան, ազատամարտիկն իրենց առաջ դրված մարտական առաջադրանքը չեն կարողացել կատարել:

Տղե՛րք, դուք եք հայկական բանակը, հայրաբար, եղբայրաբար հորդորում եմ ձեզ՝ ծառայության այս երկու տարիների ընթացքում թեւ ու թիկունք եղեք իրար, սեր ու հարգանք տածեք միմյանց նկատմամբ: ՀՀ անվտանգության երաշխավորն առաջին հերթին դուք եք, ամուր եղեք:  Մաղթում եմ ձեզ անփորձանք ծառայություն, թող երկու տարի անց նույն տեղում բոլորիդ դիմավորենք ողջ եւ առողջ, ուրախ տրամադրությամբ, երգ ու պարով։ Վստահ եմ՝ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է տոնելու: Բարի ծառայություն, սիրելի զորակոչիկներ»:

Այնուհետեւ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր Ակսել դպիր Բաղումյանը զորակոչիկներին ճանապարհելու աղոթք է ասել, վերջիններիս բարի եւ անփորձանք ծառայություն են մաղթել նաեւ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանն ու ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արթուր Բաղրամյանը:

 

Մեկնաբանել