
Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են Հայաստանի եւ Ռուսաստանի սահմանապահ ծառայությունների սահմանապահներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների միջեւ։
«Ի պատասխան ԶԼՄ ներկայացուցիչների հարցումների` հարկ ենք համարում հիշեցնել, որ դեռեւս 2020թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր.

«1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթեւեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։
2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։
3․ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:
Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»:
Այսպիսով, վերոնշյալ համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են Հայաստանի եւ Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները: ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների միջեւ»,- ասվում է հաղորդագրության մեջ։