ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաեւ դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել եւս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի եւ վերջ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների եւ զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի շարունակվող սպառնալիքների հաշվին:
Ադրբեջանական զինվորականների ներկայությամբ շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները կամ դրանք լրջորեն վտանգած են (սեփականության խախտումներ, կրակոցներ եւ այլն), խաղաղ կյանքն ու անդորրը:
Հետեւաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ առավել եւս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որեւէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին»,- գրել է նա: