Քարագործ վարպետ Մնացական Կլեկչյանին Վանաձորում բոլորն են ճանաչում: Վարպետ Մնոն ոչ միայն իր գործի գիտակն է, այլև քաղաքի գունեղ կոլորիտի վառ կերպարներից: Նրա յուրօրինակ արվեստանոցում marzer.am-զրուցել է քարագործության ավանդույթների, ոլորտի խնդիրների ու ապագայի վերաբերյալ:
-Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք քանդակել:
-Պապս ու իր եղբայրը Թիֆլիսում եղել են հայտնի խզարչիներ, հայրս եղել է ատաղձագործ: Հորս հետ մանկուց աշխատել եմ, օգնել եմ նրան, բայց չեմ սիրել փայտի գործը, սիրել եմ քարի ծանրությունը, փոշին, քարի հոտը: 1991 թ.-ին 12 տարեկան էի, դպրոցից գալիս էի տուն, պայուսակս գցում, գնում էի խաղալու, հետո՝ քարի ցեխ՝ պապիկների հետ աշխատելու: Նրանց համար աշխատում էի, ինձ համար սովորում: Ամեն գործիք իր օգտագործելու նրբությունն ունի, պետք է անհատական մոտեցում ցուցաբերես, գործիքների նման ամեն քար էլ իր լեզուն ունի: Տուֆի հետ ինչ հոգեբանությամբ աշխատում ես, չես կարող նույն հոգեբանությամբ բազալտի հետ աշխատել կամ ֆերզիտի: Կա կարծր քար, կա փափուկ քար… Մինչև աշխատանքը սկսելը նստում եմ քարի առջև, մտովի նրա հետ խոսում եմ, խորհրդակցում եմ: Քարի մեջ գտնում եմ էն կերպարը, որը ես պատկերացնում եմ, որը նա թելադրում է: Քարի հետ խոսելը սովորել եմ վարպետ պապիկներից: Շատ ժամանակ քարի ծուխը կապում էին, բեղի տակ փսփսալով՝ քարի հետ կռվում էին, հայհոյում էին, փաղաքշում էին, սեր էին խոստովանում: Առաջին գործս եղել է խաչքար, որը քանդակել եմ 1994 թ.-ին:
-Ինչպիսի՞ն էր կատարելագործման ճանապարհը: Գիտեմ, որ տարբեր աշխատանքներ եք անում:
-Ուստեքս արանք-արանք փող էին տալիս, աշակերտներով գնում էինք խանութ՝ ընդմիջման համար ուտելիք ու ծխախոտ գնելու, մանրը չէին վերցնում, մեզ էր մնում, երեխեքով գնում էինք պաղպաղակ էինք առնում, կարուսել նստում: Մանկուց քիչ-քիչ սկսել եմ փող աշխատել: Առաջին քանդակած խաչքարս ինքնուրույն եմ սովորել, խորհուրդ տվող չեմ ունեցել, քարի վրա սրբապատկերներ եմ ծեծել ինքնուրույն: Սովորեցի քարտաշություն ու քարի հետ տարբեր աշխատանքներ կատարել: Զուգահեռ սովորեցի նաև պատ շարել: Գերեզման սարքելը սրտովս չի, չեմ կարողանում ուրիշի սգի վրա փող աշխատել: Դա պետությունը պետք է անի իր հաշվին և բոլոր գերեզմանները պետք է լինեն միատեսակ. հարուստն ու աղքատը չպետք է տարբերվեն: Շատ աշխատանքներ եմ արել, հիմքից տներ եմ կառուցել նաև:
-Արհեստավորը, արվեստագետը սովորաբար ավելի կապված են լինում հող ու ջրին: Ի՞նչ է ձեզ համար Վանաձորը:
-Իմ քաղաքը շատ եմ սիրում: Թե՛ քաղաքապետարանը, թե՛ Հայ Առաքելական եկեղեցին ինչ հարցով դիմել են, գումար չեմ վերցրել: Ինչ ձեռքիս եկել է, անվճար արել եմ: Մեծ Հայրենականի հուշարձանն եմ 2 անգամ վերանորոգել, Արցախ պուրակը, Վազգեն Սարգսյանի հուշարձանը, Հայքի հրապարակի սալիկները, բեմը, մեր Թթու ջուրը: Դրսից հյուրեր էին գալիս, բա չե՞ն ասի՝ էս քաղաքում մի տղամարդ չկա՞ փող տա, մի վարպետ բերի, էս աղբյուրը սարքեն: Բնական բուժիչ ջուր է, Աստծո տված գանձ է, մեր քաղաքի կոլորիտն է, մեր սիրելի անկյունը: Ամեն ջուր խմելիս՝ ջղայնանում էի: Մեր քաղաքը շատ սիրուն է: Սարերի գլխից շատ եմ նայել: Ոնց որ Քրիստոսի բռի մեջ լինենք: Բացված ափը շատ լավ երևում է Արջաորջի գագաթից:
-Ձեր արվեստանոցում երկանք տեսա: Այն անավա՞րտ է: ինչո՞ւ որոշեցիք քանդակել այն:
Քարի գործի մեջ չեմ բավարարվել եղած գիտելիքով: Իմ շրջապատում շատ են քարագործ վարպետները, բայց նեղ մասնագետներ են: Եթե խաչքարագործին ասես ծաղկաման սարքի, չի կարող և այլն: Սկսել եմ հին հայկական գյուղատնտեսական գործիքներ սարքել: Այս պահին երկանք եմ սարքում: Քարերը նախանցած տարի եմ բերել, բայց քանի որ երկանք քանդակած չկայի, չգիտեի ոնց են քանդակում: Գնացի գյուղեր: Հատկապես իրիկվա կողմ պապիկները հավաքվում են գյուղամիջում: Գնացել եմ, զրուցել եմ: Ցավալին էն է, որ այսօրվա պապիկների սերունդը չգիտի ոնց են երկանք քանդակում, արդեն մի քանի սերունդ է՝ երկանք չեն քանդակել, և ցավոք արդեն մոռացության է մատնվել: Նոր սերունդն ընդհանրապես չի էլ տեսել երկանք, չգիտի դա ինչ է: Ես գոնե տատիս մոտ պտտել եմ, փոխինձ եմ աղացել: Պապիկներից, տատիկներից ճշտել եմ, երկանքն ունի իր գաղտնիքը, ունի նաև իր երգը: Երգի մեջ մի ամբողջ կյանք է պատմվում, ափսոս տողերը չգիտեմ, բայց ուզում եմ գրի առնել: Տարբեր պապիկներից լսելով տարբեր բաներ՝ եկա մի եզրակացության. Ինձ համար սա հին հայկական քրիստոնեական գործիք է, որովհետև ինչպես որ Քրիստոսն իր անձը մաշելով՝ զոհաբերեց հանուն մեզ, մեր հոգևոր հացի, այնպես էլ երկանքը, իրեն տանջելով, մաշվելով , ցորենից ալյուր է պատրաստում, որ մեզ սնի:
Երկանքն ինքն իրենով խորհրդանշում է ընտանիք: Այն բաղկացած է հայր և մայր քարերից՝ որձաքարից և էգ քարից, կոշտ, պինդ, կարծր տղամարդուց և փափուկ, նուրբ կնոջից: Էգ քարը պետք է ունենա ծակոտիներ, լինի թեթև, փխրուն քար: Վրայի քարը որձաքարն է՝ կարծր ու ծանր, առանց ծակոտիների, որ կարողանա ցորենը սեղմել և ալյուր դարձնել: Եթե երկուսն էլ մի տեսակի լինեն, ալյուր չեն աղա: Պտույտն էլ խորհրդանշում է կյանքի շարժումը:
-Ինչպե՞ս միտք հղացաք յուրօրինակ արվեստանոց ստեղծել: Հետաքրքիր առարկաներով եք հարստացրել այն:
-Արվեստանոց վաղուց էի ուզում ստեղծել, բայց ֆինանսը չէր ներում, վերջին տարիներին վերջացրեցի: Մինչև օրս շարունակում եմ համալրել: Ուզում եմ մեր քաղաքում մի զբոսաշրջային անկյուն լինի, արվեստանոց, որտեղ կցուցադրվեն իմ ձեռքի գործերը, մեր հնադարյան գործիքները, կիմանան, թե ոնց են դրանք օգտագործել: Զուբիլներ ունեմ, որ 100-120 տարեկան են: Դրանք արդեն պատմամշակութային արժեք են: Արվեստանոցիս պատին 18-րդ դարի վիշապագորգ է կախված, այն ինձ է փոխանցել իմ տատիկը: Տատիս մայրն էլ որ եկել է հարս, գորգը հետը բերել է իր հոր տանից:
Ինքն էլ իր հերթին աղջկան է տվել բաժինք: Այս գորգը եղել է տատիս տատի գորգը: Գորգի վրա կախված են տատիս մոր շերեփներից, ինչպես նաև այլ հին շերեփներ՝ 19-րդ դար, 20-րդ դարասկիզբ: Ամեն մեկն իր պատմությունն ունի: Իլիկ կա, տերողորմյա, որը ծառայել է նաև որպես հաշվիչ: Առարկաներ ունեմ, որոնք բերել եմ գյուղերից, գնել եմ, ընկերներս են նվիրել, բուրդ լվանալու փայտ, հացի տաշտ, թթխմորի տաշտ, խոնչա, սեղանտախտակ, տանիք վերանորոգող վարպետի մեխի աման և այլն:
-Ինչպիսի՞ն էր վարպետի հանդեպ վերաբերմունքն առաջ և ինչպիսի՞ն է այսօր:
-Իմ վարպետները պատմում էին, որ հատկապես տուն կառուցող վարպետը համարվել է սուրբ մարդ: Մեկ քահանայի ձեռքն են համբուրել, մեկ տուն կառուցող վարպետի: Եթե ամուսնական զույգերի միջև վեճ էր լինում, նրանց տանում էին քահանայի, նրա բացակայության դեպքում՝ տուն կառուցող վարպետի մոտ՝ խորհուրդ ստանալու: Համարվել է, որ Աստծու կողմից տուն կառուցելու առաքելություն ունեցող մարդը վատ խորհուրդ չի տա:
Ժամանակները փոխվեցին: 90-ականներին վարպետները գնացին երկրից, էստեղ մնացին տարատեսակ աշխատանքներ իրականացնող բանվորները: Երբ լավ վարպետները պակասեցին, վարպետի աշխատանքի գինն ընկավ, քանի որ բանվորն էր վարպետի գործ անում, որի մասնագետը չէր: Կորավ նաև վարպետի հմտությունը փոխանցելու ժառանգականությունը, էսօր նոր սերունդը չի տեսնում վարպետի աշխատանք, որ ցանկություն առաջանա շարունակել: Այսօր քաղաքների ճարտարապետական տեսքին նայում եմ ու ափսոսում: Խելացի, բանիմաց ճարտարապետներին և վարպետներին տեղ չեն տալիս, լավ վարպետն իր սկզբունքն ունի՝ աշխատանքն անել որակով, չխնայել ցեմենտն ու կցամասերը: Մեր արհեստի ապագան հույս չի ներշնչում ցավոք:
-Ի՞նչ կմաղթեք մեր հայրենակիցներին: Ունե՞ք ավելացնելու բան:
-Մեր ազգը միակ ազգն է, ում մայր տաճարի ճարտարապետը Քրիստոսն է՝ Սուրբ Էջմիածնում: Հիմա մեր ազգը քրիստոնեությունից հեռանում է: Եթե իմ մեջ հավատք ու հայրենասիրություն չլինի, ընտանիքի արժեքը չիմանամ, երկրիս արժեքը չիմանամ, ես չեմ կարող երկանք քանդակել, դրա մեջ հոգևոր արժեք կա: Մենք որ վերադառնանք դեպի Քրիստոս, ցախավելը վերցնենք և էս հոգևոր այլասերվածներին մեր երկրից ավլենք մաքրենք, գոյություն ունենա մեկ հավատ, մեկ հայրենիք, մեկ ազգ, այ էն ժամանակ մենք լավ պատադիրներ կունենանք, լավ բժիշկներ, մանկավարժներ, կվերանա կաշառակերությունը, Աստծու քաղցր աչքը մեր վրա կլինի: Այլևս սրբապիղծներ չեն գա, որ հայրենիքը, եկեղեցիներն ու վանքերը վաճառեն թուրքին: Եթե հավատք չունենաս, ընտանիք էլ չես ունենա: Հայ ընտանիքի գլուխը Քրիստոսն է:
Հերմինե Զարմանյան, marzer.am, Լոռի