Դեռ երկու տարի առաջ ակտիվ խոսակցություններ շրջանառվեցին, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը փակվելու է, փոխարենը ստեղծվելու է Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները հիվանդանոցը բժշկական կենտրոնին միացնելն ու բաժանմունքի կարգավիճակ տալը, ինչպես նաեւ Վանաձորրի բժշկական կենտրոնում հատկացված բաժանմունքում գործունեություն ծավալելը համարում էին անթույլատրելի՝ առաջ քաշելով բազմաթիվ խնդիրներ։
Լրագրողների հետ հանդիպած աշխատակիցները միաբերան պնդում էին՝ հիվանդանոցի փակումն ու միավորումը լուրջ ռիսկեր է իրենից ներկայացնում. «Էն մարդը, ով էսպիսի նախագիծ է ներկայացրել, ոլորտից շատ հեռու է, մենք ունենք քլորատուն, մեր կոյուղին չի միանում հանրային կոյուղուն, քլորացվում է, բայց Վանաձորի ԲԿ-ն դա չունի, մեզ համար շենքային գեղեցիկ պայմաններից առավել կարեւոր է պրոֆիլային պայմանները»,- հայտարարել էին աշխատակիցները:
Ինֆեկցիոն հիվանդանոցի շուրջ բարձրացված աղմուկին անդրադարձել էր նաեւ առողջապահության այժմ արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը, սոցիալական ցանցի իր էջում գրելով, որ Վանաձորի ինֆեկցիոն ծառայության փակման և անձնակազմի կրճատման մասին որևէ խոսք չկա եւ չի կարող լինել։ Քննարկվում է միայն այդ ծառայությունն ավելի բարվոք շենքային պայմաններ տեղափոխելու հարցը: Աշխատակիցները, սակայն, նախարարի խոսքերը բառախաղ էին որակել: Նախարարությունը չէր հիմնավորել նաեւ նոր հիվանդանոցի կառուցման անհրաժեշտությունն ու հնից տեղափոխվելը:
Ինֆեկցիոն հիվանդանոցի փակման մասին լուրերը իսպառ վերացան այն ժամանակ, երբ կայծակնային արագությամբ նախորդ տարի տարածվեց Covid-19-ը: Վանաձորի ինֆեկցոին հիվանդանոցը աշխատեց ծանրաբեռնված: Ամիսներ շարունակ բուժանձնակազմը գիշեր-ցերեկ, անգամ առանց տուն գնալու, աշխատում էր: Ու հենց այդ ժամանակ էր, որ ոլորտի պաասխանատուները կարեւորեցին ինֆեկցոին հիվանդանոցի դերն ու նշանակությունը, նախատեսված մահճակալների թիվն ավելացավ մի քանի տասնյակով, մինչդեռ մինչ համավարակը, ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչները խոսում էին մահճակալների թվի կրճատման մասին:
Ինֆեկցիոն հիվանդանոցը կտեղափոխվի
Առողջապահության նախարարությունն արդեն ձեռնարկել է Վանաձորում ինֆեկցոն նոր հիվանդանոց կառուցել: Նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակը դիմել է Եվրասիական զարգացման կայունացման հիմնադրամին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը. «Ծրագրի նպատակը՝ հակազդել քովիդի համավարակին։ Եթե հաստատվի ծրագիրը, նախատեսվում է Լոռու մարզում նոր ինֆեկցիոն մոդուլային մասնաշենք կառուցել: Ծրագիրը Եվրասիական զարգացման կայունացման հիմնադրամի կողմից դեռեւս քննարկման փուլում է։ Ամբողջությամբ հավանության արժանանալու դեպքում (առաջին փուլն արդեն հավանության է արժանացել), հետագայում պետք է ներպետական վավերացման պրոցեսը կազմակերպվի: Հույս ունենք, որ այս տարվա մեջ կսկսենք:»:
Մեզ հայտնի դարձավ, որ շենքը կառուցվելու է Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում, լինելու 1 հարկանի տիպային շենք: Չնայած, ըստ խոսակցությունների, քննարկվում է նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի նախկին շենքի «Նարեկ» մանկական բաժանմունքը վերակառուցելու եւ Ինֆեկցիոն հիվանդանոց դարձնելու տարբերակը:
Նոր հիվանդանոց, նոր խնդիրներ
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, մարզի գլխավոր ինֆեկցիոնիստ Նունե Էվինյանը գործող շենքը թողնելն ու նոր մոդուլային շենք տեղափոխվելն անթույլատրելի է համարում. «Թողնել տիպային շենքն ու գնալ մեկ հականի մոդուլային կառույցի մեջ մտնել, որը լինելու է բաժանմունք, համարում եմ անթույլատրելի ու սխալ մոտեցում: Ինֆեկցիոն հիվանդանոցի գործող շենքը կառուցվել է ճիշտ տեղում, քաղաքից հնարավորինս հեռու, բարձրադիր վայրում, ունի առանձին մաքրման կայան, կառուցվել է սանիտարահիգիենիկ բոլոր նորմատիպվներին համապատասխան, սա հանրապետությունում եզակի կառույց է, որ նման կառուցվածք ունի, ինչն էլ թույլ է տալիս յուրաքանչյուր հիվանդի մեկուսացնել…»:
Նունե Էվինյանն ասում է՝ մինչ կորոնավիրուսի համավարակը, աշխարհը փոքր ինչ մոռացության էր մատնել ինֆեկցոին հիվանդություններին, համարելով, թե դրանք հաղթահարված հիվանդություններ են, բայց համավարակը հակառակն ապացուցեց, ու եղավ այն, ինչ եղավ. «Մենք այսօր բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնած թե որպես պատերազմական երկիր, թե որպես բիոլոգիական, մենք չգիտենք, թե կորոնավիրուսից հետո ինչի դեմ ենք պայքարելու, ու որքանով է ճիշտ այս ծառայությունը տեղակայել մարզկենտրոնի միակ բժշկական կենտրոնի տարածքում, որտեղ կա ինվազիվ վիրաբուժություն, մանկական ու օնկոլոգիական ծառայություներ եւ այլն: Եթե այս շենքը տիպային շենք է, սկսած բարձրությունից, պատերի հաստությունից, լուսավորությունից, ինչու են ուզում թողնել։ Շենքի միակ խնդիրն այս պահին կոսմետիկ վիճակն է, որը հնարավոր է լուծել ավելի քիչ ներդրումներով ու գումարներով»:
Մոդուլային շենքերն, ըստ տնօրենի, ամբողջ աշխարհում համարվում են դաշտային հոսպիտալներ, կատարելով տրիաժային ֆունկցիաներ՝ կյանքի կարճ տեւողությամբ: Էվինյանը վստահ է՝ ինֆեկցիոն հիվանդանոցը կփակվի, փոխարենը կբացվի ինֆեկցիոն բաժանմունք: Մինչդեռ ներկայիս ինֆեկցիոն հիվանդանոցը նաեւ ստրատեգիական նշանակություն ունի. «Մենք բերենք ամբողջ ծառայությունը կենտրոնացնենք մի շենքում, երբ երկրաշարժ ենք մենք տեսել…ինչու պետք է այս մեծ քաղաքում 1 հիվանդանոց լինի, որքանով է արդարացված այս մոտեցումը: Մենք վերջապես մեր երեխաներին տալու բան պետք է ունենանք, բայց ստացվում է՝ թողնում է տիպային քարաշեն շենքը, փոխարենն առաջարկում մոդուլ»:
Տարիներ շարունակ չարչրկված թեմայի, ինֆեկցիոն հիվանդանոցի ճակատագրի շուրջ քննարկումներ աշխատակիցների ու տնօրինության հետ չեն արվել: Այս մասին տնօրենը լսել է խոսակցություններից միայն. «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում ուռճացված հաստիքներ չկան, 30 մահճակալի համար աշխատում է 25 մարդ՝ վարչականից մինչեւ բժշկական անձնակազմ»:
Տնօրենը կրկնում է՝ ինֆեկցիոն հիվանդանոցը բժշկական կենտրոնի տարածքում տեղակայելը բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Հիշեցնում է՝ համավարակի այս շրջանում բարերարների միջոցով բազմաթիվ աշխատանքներ են կատարվել շենքում, կառուցվել է թթվածնային կայան. «Եթե գտնում են, որ շենքը պիտանի չէ, ապա պետք է նման եզրակացություն լինի՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված, բայց շենք ոչ մեկ չի եկել, ոչ շինարար, ոչ էպիդեմիոլոգ, որ հասկանան՝ շենքը պիտանի է, թե ոչ, առանց նման բաների վերցնել հիվանդանոցի շենք օտարել, դա նույնն է, ինչ գործող հիվանդանոց քանդել»: