Գլխավոր Հասարակություն Վարչապետը կարեւորել է Շիրակի մարզում եւ ընդհանրապես հանրապետությունում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումը

Վարչապետը կարեւորել է Շիրակի մարզում եւ ընդհանրապես հանրապետությունում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումը

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետները եւ պաշտոնատար այլ անձինք:
Նախքան քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ կարեւոր է, որպեսզի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները սինխրոն գործեն` հետպատերազմական սոցիալ-հոգեբանական եւ տնտեսական վերականգնման գործընթացն ապահովելու համար: Իհարկե, Շիրակի մարզում եւ Գյումրի քաղաքում մենք 2019 թվականին բավականին տեսանելի եւ շոշափելի տեղաշարժ տեսանք: Հետագայում կորոնավիրուսի համավարակը եւ պատերազմը որոշակիորեն փոխեցին իրավիճակը, բայց մենք պետք է հիմա ապահովենք, որպեսզի այն ծրագրերը, որ ունեցել ենք նախանցած շրջանում, ոչ միայն պատշաճ ձեւով իրականացվեն, այլեւ կարողանանք նոր ծրագրեր ձեւակերպել, նոր խթաններ ստեղծել եւ իսկապես փոխել ընդհանուր իրավիճակը, ընդհանուր տրամադրությունը եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, Շիրակի մարզը, Գյումրին բերել մի այնպիսի իրավիճակի, որն առնվազն կբավարարի բոլորիս:
Ճանապարհին ես անընդհատ հիշում էի մեր կարգախոսը՝ «Կառուցենք Հայաստանը նորովի»:

Այդ կարգախոսը, որը որդեգրել ենք դեռեւս ճգնաժամի նախընթաց շրջանում, հիմա առավել արդիական է հնչում բառիս բուն եւ փոխաբերական իմաստով: Եվ խնդիրը պետք է այսպես ձեւակերպենք՝ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի: Պետք է ուրախությամբ արձանագրել, որ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել էր, արդեն շարունակվում է: Եվ սա շատ լավ դինամիկա է, օրինակ է, որը մենք կարող ենք շարունակել»:
Այնուհետեւ Շիրակի մարզպետը եւ փոխմարզպետերն անդրադարաձել են նախորդ տարվա ընթացքում մարզում արձանագրված արդյունքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ 2020 թվականին, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով եւ պատերազմով, մարզում նախատեսված ծրագրերն իրականացվել են 80-90 տոկոսով եւ այս տարվա ընթացքում կիրականացվեն ինչպես կիսատ մնացած, այնպես էլ առաջիկայի համար ծրագրված նախագծերը:

Տեղեկացվել է, որ նախորդ տարի մարզում կյանքի են կոչվել 3,3 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր` համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման նպատակով: Ընթացիկ տարվա համար մարզի համայնքների կողմից արդեն իսկ ներկայացվել է 62 սուբվենցիոն ծրագրերի հայտ, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 4,4 մլրդ դրամ:
Վարչապետը կարեւորել է Շիրակի մարզում եւ ընդհանրապես հանրապետությունում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումը եւ ընդգծել ամենօրյա ռեժիմով մոնիթորինգի ու վերահսկողության անհրաժեշտությունը` աշխատանքի որակն ապահովելու համար:
«Անհրաժեշտ է հաշվի առնելով նախորդ տարվա առանձնահատկությունները` հանրապետությունում նոր թափով իրականացնել մեծածավալ կապիտալ ծրագրեր: Չպետք է լինի լավ, արդյունավետ, բովանդակություն ունեցող ու տրամադրություն հաղորդող որեւէ լավ ծրագիր, որի համար ֆինանսավորում չտրամադրենք: Պետք է քաջալերել բոլոր համայնքներին, ներդրողներին` իրականացնելու նմանատիպ ծրագրեր, որոնք կունենան առավելագույն տնտեսական արդյունք, միաժամանակ կապահովեն որակն ու շինաշխատանքների արդյունավետությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով կառավարությունը պատրաստ կլինի նաեւ ներդրողներին աջակցել ենթակառուցվածքների` ասֆալտապատման, գազի, ջրի ցանցերի կառուցման աշխատանքներում:

«Այսպիսով մենք պետք է խրախուսենք կապիտալ ներդրումները, որոնք իրենց հետ կբերեն տնտեսական արդյունք ու նոր աշխատատեղեր»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում աշխատանքների ընթացքին` մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ մարզում առկա 78 հազար հեկտար վարելահողերից նախորդ տարի մշակվել է 47 հազար հեկտարը: Մարզպետարանը Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ շարունակում է աշխատանքները մշակվող հողատարածքների թիվն ավելացնելու, ժամանակակից այգիների, ջերմոցային տնտեսությունների հիմնումը խրախուսելու նպատակով:

Իր հերթին, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, անդրադառնալով քաղաքում իրականացված աշխատանքներին, տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում քաղաք է ներկրվելու շուրջ 70 ժամանակակից ավտոբուս, ինչն էապես կբարելավի տրանսպորտային ցանցը: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում քաղաքում տեղադրվելու են ֆոտովոլտային պանելներ, ինչը թույլ կտա քաղաքապետարանի ենթակայությամբ գործող օբյեկտներում խնայել մեծածավալ էլեկտրաէներգիա: Տեղեկացվել է, որ 2019 թվականից հետո Գյումրիում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվել է 31 փողոց, եւս 37 փողոց էլ վերակառուցվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից ներգրավված միջոցների շրջանակում: Մինչեւ 2022 թվականի ավարտը նախատեսվում է, որ Գյումրիում հիմնանորոգված կլինի շուրջ 180 կիլոմետր ճանապարհ` քաղաքի փողոցների 70 տոկոսը:
Սամվել Բալասանյանի խոսքով` Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ այս տարի կբարելավվի նաեւ քաղաքի լուսավորության ցանցը: Աշխատանքներ են տարվում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու նպատակով:
Ըստ քաղաքապետի` Գյումրիում հիմնանորոգվում են նաեւ կանգառները, լիարժեք լուծվել է սանմաքրման խնդիրը. քաղաքն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում «Բարեկամության» այգին հիմնանորոգելու ուղղությամբ, որն ունենալու է 7,2 հեկտար տարածք:
Անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին` պատասխանատուները զեկուցել են, որ այս տարվա ընթացքում նոր թափով կիրականացվեն Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքները: Խոսելով կորոնավիրուսի հետ կապված վիճակի մասին` մարզպետը նշել է, որ այն կառավարելի է. ներկայումս մարզում առկա է կորոնավիրուսով հիվանդ 48 պացիենտ, իսկ հունվար ամսին, ընդհանուր առմամբ, արձանագրվել է հիվանդացության 265 դեպք:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ Գյումրիի տնակների հետ կապված խնդրի լուծմանը, պատերազմի հետեւանքով Շիրակի մարզ տեղափոխված արցախցիների կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:
Զեկույցներով հանդես են եկել նաեւ Դատախազության, Քննչական կոմիտեի եւ Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավարները՝ ներկայացնելով իրավակարգի ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Մեկնաբանել