Գլխավոր Հասարակություն Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերը զբոսաշրջային գրավիչ ուղղություններ դառնալու բավարար պոտենցիալ ունեն

Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերը զբոսաշրջային գրավիչ ուղղություններ դառնալու բավարար պոտենցիալ ունեն

0

Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանները  զբոսաշրջային ուղղություններ դիտարկելու  համար ունեն  բավարար պոտենցիալ, հարուստ են բնական հուշարձաններով, սառնորակ աղբյուրներով ու անտառապատ տարածքներով, բայց  այդ ամենի մասին տեղեկատվությունն անհասանելի է տուրայցերով Շիրակի մարզ եկողներին։ Զբոսաշրջության ոլորտի փորձագետները անցած տարի են ուսումնասիրություններ կատարել Աշոցք եւ Սարապատ խոշորացված համայնքներում, քարտեզագրել են   հետաքրքրություն ներկայացնող վայրերը,  պարզել  են նաեւ այն խնդիրները ,որոնց պատճառով հյուսիսային բնակավայրերը դուրս են մնում տուրիստական գործակալությունների երթուղիներից։ Շիրակի մարզի Աշոցք ու Սարապատ համայնքների 26 բնակավայրերն առաձնանում են իրենց լանդշաֆտային գոտիներով, բնության գեղեցիկ ու տեսարժան վայրերով։

Այս բնական ռեսուրսները բավարար են  զբոսաշրջիկների մուտք ապահովել համայնքներ ։ Բնության գրկում հանգիստը կազմակերպելու համար կան  բավարար պայմաններ, բայց մի քանի կիլոմետր հաղթահարել ու բարձր  լեռնային տարածքներ հասնել, տուրիստական խմբերը չեն համաձայնում։ Տվյալ համայնքների բնակիչները թվարկում են պատճառները ՝ ճանապարհները լավ չեն , այլ  ենթակառուցվածքները   բացակայում են, սպասարկման ծառայություններ չկան։ «Ենթակառուցվածքները խիստ անմխիթար վիճակում են գտնվում,գրեթե զրոյական մակարդակում են: Չկան հյուրատներ, սննդի օբյեկտներ, եթե կան էլ, մեծ մասը փակ վիճակում են գտնվում, առանձնապես հրապուրիչ չեն: Նույնը կարող եմ ասել ճանապարհների մասին՝ քանդված են, տրանսպորտային միջոցների  լիցքավորման կետեր գրեթե չկան»,- ուսումնասիրության արդյունքներն է ներկայացրել փորձագետ Ռաֆայել Մխիթարյանը:

Փորձագետների հանդիպումները Աշոցք, Սարապատ համայքների բնակիչների հետ, այնուհետ նրանց  կատարած դիտարկումները պարզել են , որ գյուղական բնակավայրերում շատերն են պատրաստ իրենց տներում զբոսաշրջիկների ընդունել, հետո  հյուրատներ բացել ու ընտանեկան բիզնեսով զբաղվել։ Որոշ բնակավայրերում  առաջին քայլերն  արդեն կատարել են ։ «Տուրիստները գալիս էին գյուղական համայնք եւ գիշերակացի խնդիր էին ունենում:Մենք  որոշեցինք մեր տան սենյակներից մեկը  տրամադրել  տուրիստներին, որ կարողանան գիշերել: Ասեմ,որ այն վարակիչ բնույթ կրեց  եւ զգացվում է տենդենց՝   Ցողամարգ գյուղում բնակիչները հետաքրքրված են եւ ցանկանում են իրենց տան սենյակներից մեկը, որպես կեցավայր, տրամադրել գյուղ եկած  զբոսաշրջիկներին»,-նշում  է Ցողամարգ գյուղի բնակիչ Արփինե Նիկոլյանը:

Մասնագետները նշում են ՝պատմական ու բնական հուշարձաններով հարուստ բնակավայրերի մասին տեղեկատվության պակաս կա։ Օն լայն հարթակում ստեղծվել է տեղեկատվական ուղեցույց-քարտեզ, որն էլ կօգնի գտնել Սարապատ եւ Աշոցք համայնքների տեսարժան վայրերն ու  տուրեր կազմակերպել։

ՈՒղեցույց քարտեզները գարնանը կտեղադրվեն խոշորացված համայնքների մուտքերին, գյուղերում բնակիչներից մի քանիսը  կվերապատրաստվեն  որպես զբոսավարներ, որոնք  իրենց տարածաշրջանների տեսարժան վայրերի տեղանքին ու պատմությանն ավելի լավ են տիրապետում։

Մեկնաբանել