Գլխավոր Արտակարգ Սեւակ Սերոբյան. մարդ, ով սեփական կյանքը զոհեց հանուն հայրենիքի (Վիդեո)

Սեւակ Սերոբյան. մարդ, ով սեփական կյանքը զոհեց հանուն հայրենիքի (Վիդեո)

0

Հայաստանի «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը հայրենիքի համար իր կյանքը նվիրաբերած հերոսներից է, ով պատերազմի առաջին իսկ օրվանից կամավոր մեկնեց առաջնագիծ՝ օրինակ դառնալով շատերի համար:

Լոռեցի Սևակ Սերոբյանը աշխարհում ամենաերիտասարդ, իսկ Հայաստանում՝ միակ հանշին էր. կոչումը շնորհել էր անձամբ «Կյոկուշին կան» կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահը: Նա կարատեով զբաղվում էր 2002 թ.-ից:

Կարճատև կյանքի ընթացքում մարդկային, կամային ու մասնագիտական բարձր որակների շնորհիվ հասցրել էր կանգնել մարտարվեստի ամենաբարձր հարթակներում, իր ոգով կրթել մատաղ սերունդ, որը համալրելու է հայրենիքի պաշտպանների բանակը՝ հանուն վաղվա հաղթանակների, հանուն իր ուսուցչի կիսատ գործը հաղթական ավարտին հասցնելու:

Տարբերվող էր Սեւակը, նվիրված ու բոլորին հասնող: Քրոջ համար՝ ամուր հենարան: Մայրը հիշում է, երբ գյուղում սկսեց կարատեի խմբակ գործել, իրենք հնարավորություն չունեին, մինչդեռ Սեւակը շատ էր ուզում պարապել, սկսվեց մարզվել, բազմաթիվ հաջողությունների հասավ: Կարճ ժամանակ անց մարզիչ դարձավ:

Սեւակի տանը թանգարանի է վերածվել նրա սենյակը: Այդ թանկ անկյունում հերոսից մնացած հուշերն են, անցած ուղու ձեռքբերումների վկայությունները, որոնք կինը՝ Հայկուհին, սուրբ մասունքի նման ցույց է տալիս, ամեն անգամ վերապրելով եւ ամրացնելով իր մեջ ամուսնու գործը շարունակելու հստակ որոշումը:

Սևակի անցած ուղու, սխրանքի, նրա կյանքի գործը շարունակելու մասին է պատմում Marzer.am-ի տեսանյութը:
Հերմինե Զարմանյան, Էդվարդ Արզումանյան, Marzer.am

Մեկնաբանել