Գլխավոր ԵՐԵւԱՆ Կառույցը՝ սեյսմիկ անվտանգության տեսանկյունից համարվել է խոցելի

Կառույցը՝ սեյսմիկ անվտանգության տեսանկյունից համարվել է խոցելի

0

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է վերակառուցվող դպրոցներ: Առաջին կանգառը Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան 51-րդ դպրոցն է եղել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը:

Շենքը կառուցվել է քառասունականներին, միջհարկային ծածկերը փայտից էին, որոնք տարիների ընթացքում շարքից դուրս էին եկել։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կառույցը՝ սեյսմիկ անվտանգության տեսանկյունից համարվել է խոցելի։ Կատարվել են շենքի հիմքերի ամրակայման, նորոգման, որոշ հատվածներում հիմնովին վերակառուցման աշխատանքներ։ Շինարարի առջև խնդիր է դրված` 1000 աշակերտի հանձնել հարմարավետ ու որ ամենակարևորն է` անվտանգ դպրոց։ Պատասխանատուները նախարարին վստահեցրել են` շենքը սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում:

Դպրոցի երկու մասնաշենքի վերակառուցման համար ներդրվել է 583 միլիոն դրամ։

Սուրեն Պապիկյանի հաջորդ կանգառը ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի տարածքում էր, որտեղ շինարարական աշխատանքները բոլորովին վերջերս են մեկնարկել։ Դպրոցը հիսունականների կառույց է, ու կրկին փայտյա միջհարկային ծածկերով։ Այստեղ Պապիկյանը նշել է, որ պետք է իրականացնել նոր որակի ու չափանիշների շինարարություն:

Սեյսմիկ անվտանգության տեսանկյունից դպրոցի նախկին շենքը համարվել է առավել խոցելի, ուստի վերակառուցման ընթացքում փորձ է արվում պահպանել միայն շենքի արտաքին պատը, որը ճարտարապետական արժեք է ներկայացնում։ Սակայն դրա պահպանման գործում շինարարը դժվարություններ ունի՝ պատերը խարխլված են։

Սուրեն Պապիկյանն առաջարկել է պատերի մեջ ամրանյութ ներարկել։ Ըստ նախարարի`պետք է բոլոր հնարավոր եղանակներով փորձել պահպանել շենքի ճարտարապետական արժեք ներկայացնող դիմային հատվածը, որի վրա կան նաև արժեքավոր քանդակներ։

Նախարարին ուղեկցել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ով նշել է, որ վերակառուցումից հետո շենքը կդառնա Հայաստանի լավագույն դպրոցներից մեկը՝ ամրության, ենթակառուցվածքների և հարմարավետության տեսանկյունից։ ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի շահառու աշակերտների թիվը հասնում է 570–ի, բայց վերակառուցումից հետո այս թիվը կարող է ավելանալ։ Դպրոցի վերակառուցման արժեքը 1 միլիարդ 30 միլիոն դրամ է։

Նախարարությունը հիշեցնում է, որ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմում է 107 միլիոն դոլար, որով նոր կյանք կստանա 46 կրթօջախ` նախատեսված շուրջ 20 000 աշակերտի համար։

Այս պահին ընթանում է 13 դպրոցի շինարարություն։ Արդեն շահագործման է հանձնվել է 5 դպրոց, կառուցվել և այս տարի շահագործման կհանձնվի ևս 3 դպրոց։ Աշխատանքայինայցերնայսդպրոցներշարունակականեն։

Մեկնաբանել