Գլխավոր Արտակարգ Հնարավոր է մարզերում պալիգոններ ստեղծվեն.Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող խումբն այսօր նիստ է...

Հնարավոր է մարզերում պալիգոններ ստեղծվեն.Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող խումբն այսօր նիստ է արել

0

Սյունիքի մարզի Գորայք համայնքում երեկ տեղի է ունեցել մարզի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Քննարկված հարցերի եւ ընդունված որոշումների, հաջորդ նիստի օրվա վերաբերյալ ՀԺ-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Այս մասին հայտնում է  armtimes.com-ը:

– Պարոն Ղուկասյան, այսօր Գորայքում նիստ էիք հրավիրել: Ի՞նչ հարցեր քննարկվեցին:

– Քննարկել ենք Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության, սահմանապահ ուժերի համար առաջնահերթ խնդիրները, մի շարք խնդիրների վերաբերյալ լուծումներ են առաջարկվել: Դրանց մասին, բնականաբար, մանրամասներ չեմ կարող հատնել, անհրաժեշտության դեպքում այդ մասին կխոսեն նախարարն ու ԳՇ պետը:

Բացի այդ, քննարկել ենք տարբեր բնույթի սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք վերաբերում են մասնավորապես տարբեր գյուղատնտեսական ծրագրերին: Այդ ամենի վերաբերյալ տեղեկատվության հրապարակմամբ շուտով հանդես կգա Էկոնոմիկայի նախարարությունը: Քննարկեցինք Շուռնուխում 13 տան կառուցման ընթացքը, Քաղաքաշինության կոմիտեն ներկայացրեց աշխատանքների ընթացքը. Որոշվեց շատ փոքրիկ փոփոխություններ իրականացնել տների տեսքի եւ նկուղների հետ կապված: Դրանք պետք է անհրաժեշտության դեպքում ծառայեն նաեւ որպես ապաստարաններ: Այս համատեքստում լուրջ քննարկումներ ծավալվեցին:

Նախորդ նիստի ընթացքում Տեղ համայնքի ղեկավարը մի շարք խնդիրներ էր բարձրաձայնել, այսօր քննարկել ենք նաեւ այդ խնդիրների լուծման ընթացքը: Այսօր էլ Գորայք համայնքի ղեկավարը բարձրացրեց մի շարք խնդիրներ, որոնք տեղում քննարկվեցին նախարարության պատասխանատու անձանց հետ եւ արդեն մյուս նիստին համայնքապետի բարձրացրած խնդիրների մասով նույնպես կլինեն զեկույցներ, թե ինչ ընթացք են ստացել եւ ինչ լուծումներ են առաջարկվում:

– Ի՞նչ բնույթի են համայնքների ղեկավարների բարձրացրած խնդիրները:

– Տեղ համայնքի ղեկավարի բարձրացրած խնդիրը վերաբերում էր, օրինակ, այնտեղ գտնվող կարի արտադրամասի վերագործարկմանը: Գյուղատնտեսական ոլորտում նույնպես խնդիրներ էին նշվել, որոնց մի մասը ստացել են լուծումներ: Ինչպես նաեւ Կադաստրի պետական կոմիտեի հետ կապված խնդիրներ կային, որոնք ընթացքի մեջ են. չափագրման հետ կապված խնդիրներ են, հավանաբար մոտ ապագայում դրանք նույնպես կստանան լուծումներ: Բարձրացված շուրջ մեկ տասնյակ հարցերի թվում էին նաեւ անվտանգությանը վերաբերող հարցերը, որոնք համապատասխան ոլորտի պատասխանատուների կողմից ստացան պատասխաններ:

– Այնքանով որքանով կարելի է՝ կասե՞ք, թե զինված ուժերի, սահմանապահների հետ կապված ինչ խնդիրներ են քննարկվել:

– Դրանք վերաբերում են զորամասերի կառուցմանն ու արդիականացմանը. տեխնիկական բնույթի հարցեր են: Իսկ թե ինչ ծրագրեր պիտի իրականացվեն, սրանք հրապարակման ենթակա չեն: Քննարկեցինք նաեւ քաղպաշտպանության հենակետերի հարցը, որոշվել է Շուռնուխում եւ Շիկահողում ԱԻՆ առաջին երկու հենակետերը տեղադրել, որոշման կայացման վերջնական փուլում ենք:

– ԱԻՆ հենակետերի անհրաժեշտությունը ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ խնդիր է լուծելու:

– Դրանց անհրաժեշտությունը պայմանավորված է հակահրդեհային տարբեր միջոցառումներ կազմակերպելով, ինչպես նաեւ ցանկացած արտակարգ իրավիճակների դեպքում, որպեսզի կարողանան օպերատիվ կերպով եւ շատ արագ արձագանքել:

– Պարոն Ղուկասյան, տեղյակ եք երեւի, որ շատ պարբերական բնույթ են կրում Սյունիքի սահմանային գյուղերի մոտ կրակոցները: Այդ կապակցությամբ ՄԻՊ-ը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում, դրանցից մեկն էլ այսօր էր տարածվել: Մտահոգությունները վստահաբար նաեւ ձեզ են հասնում, ի՞նչ է արվում՝ նմանատիպ կրակոցները բացառելու համար:

– Տեսեք, քանի որ այդ խնդիրը ավելի շատ հայ-ադրբեջանա-ռուսական համատեքստում է, այն դուրս է մեր աշխատանքային խմբի շրջանակներից: Բայց միանշանակ մեր խումբը արձանագրեց, որ նման դեպքերը պետք է իսպառ վերանան, որովհետեւ իրականում կրակոցը բնականաբար բնակչության մեջ խուճապ է առաջացնում, ու այո՛, այս համատեքստում չեմ կարող չհամաձայնել ՄԻՊ-ի այն կարծիքի հետ, որ բնակիչը չի կարող տարբերակել՝ արդյոք այդ կրակոցը ուղղված է ի՞ր ուղղությամբ, թե՞ ոչ: Համապատասխան առաջարկները կներկայացնենք, որ նման միջադեպերը բացառվեն: Ինչ վերաբերում է ճանապարհներին, Պաշտպանության նախարարությունը ներկայացրեց, որ լուրջ միջադեպ չի եղել, որը անհանգստություն կպատճառի, որ մարդիկ ճանապարհով չերթեւեկեն:

– Պատգամավորները օրենքի նախագիծ էին պատրաստել՝ սահմանամերձ համայնքներում բնակիչներին զենք տրամադրելու մասին: Քննարկվե՞ց օրենքի անհրաժեշտությունը:

– Այդ մասին քննարկում ունեցել ենք. Կարող եմ ասել, որ դեռ միանշանակ չէ, որ այդ առաջարկը դրական արձագանք կստանա: Տեսեք խնդիրը ինչում է: Իմ կարծիքով, քանի որ զենքերի հիմնական մասը, որ առաջարկվում է տրամադրել բնակչությանը, նույն տրամաչափի փամփուշտներ է կիրառում, որը առկա է մեր բանակում, հետեւաբար դա կարող է այլ ռիսկ առաջացնել՝ ապօրինի զինատեսակի շրջանառության համատեքստում: Բայց մյուս նիստի ժամանակ արդեն վերջնական որոշում կկայացնենք, թե ռիսկերը որքանով են արդարացված, եւ աշխատանքային խումբը իր դրական կամ բացասական եզրակացությունը կտա այս խնդրի վերաբերյալ: Որովհետեւ նաեւ պետք է հասկանալ, թե որքանով է այն օգնելու կամ խոչընդոտելու սահմանապահ զորքերի ծառայությանը: Հետեւաբար քննարկում եղավ, բայց վերջնական եզրակացությունը կլինի հաջորդ նիստում: Բնականաբար մենք կարծում ենք, որ մանավանդ սահմանապահ համայնքի բնակիչը կարող է ունենալ զենք, բայց նա նաեւ պետք է հաճախակի հնարավորություն ունենա հմտությունները մեծացնելու նպատակով կրակել: Ահա այստեղ է, որ մի շարք խնդիրներ են առաջանում: Խնդիրներից մեկը վերաբերում է քաղաքացիական պալիգոնների հնարավորությանը: Այդպիսի պալիգոններ պետք է ստեղծվեն ոչ միայն, բայց առաջին հերթին Սյունիքի մարզում, որտեղ քաղաքացիական անձինք հնարավորություն կունենան այդ նույն զենքերով գնան, կրակային պատրաստություն անցնեն: Այլ կերպ ասած՝ զենքը մարդկանց բաժանելը ամենահեշտն է, պետք է հնարավորություն եւ միջավայր ստեղծել, որ նրանք կարողանան սովորել օգտվել զենքից, անվտանգ միջավայրում սովորեն կրակել: Հաջորդ նիստին կլինեն այս հարցով բավարար պատասխաններ:

– Գյուղերի զարգացման հետ կապված որեւէ տեսլական քննարկվո՞ւմ է:

– Բնականաբար, իհարկե: Դրանց բոլորին Էկոնոմիկայի նախարարությունը հերթականությամբ կանդրադառնա: Այնտեղ տարբեր աջակցության ծրագրեր կան, որոշ ծրագրեր կարող են ընդհուպ չնչին վճարների միջոցով հասնել բնակիչներին: Դրանք հենց ուղղված կլինեն սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Շատ մոտ ապագայում արդեն հանդիպումներ կունենանք տարբեր ներդրողների հետ եւ աշխատատեղեր ապահովող տարբեր արտադրությունների ղեկավարների հետ, որպեսզի լուծվի նաեւ այդ խնդիրը, որովհետեւ այդտեղ շատ մեծ պահածոների արտադրություն կա, որը կարեւոր է որպես աշխատատեղ: Հաջորդ հանդիպումը մոտ ապագայում լինելու է նաեւ գործարարների հետ, պիտի քննարկենք այդ ոլորտի բոլոր խնդիրները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել