2016թ-ին մեկնարկած Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման աշխատանքները մինչ օրս ավարտված չեն: Նախկինում տեղ-տեղ վտանգավորության ամենաբարձր աստիճան ունեցող հատվածներն ու ճանապարհի որոշ հատվածներ թեպետ այսօր հիմնանորոգված են, սակայն քիչ չեն նաեւ անանցանելի ճանապարհահատվածները, որոնք տեւական ժամանակ է պատուհաս են դարձել ոչ միայն նշված հատվածով երթեւեկող վարորդների, այլ նաեւ հենց տարածաշրջանի բնակչության համար, ովքեր ամեն օր ստիպված են թոզ ու փոշի շնչել, մեքենաները շարքից հանել:
Բացի վարորդների ու տարածքի բնակչության համար առաջացած անհարմարություններից, շինաշխատանքների ու առաջացած անհարմարությունների հետեւանքով տուժեց նաեւ զբոսաշրջությունը տարածաշրջանում: Տուրիստական կազմակերպությունները պարզապես հրաժարվում էին այցեր կազմակերպել տարածաշրջան՝ մեքենաները չվնասելու պատճառով:
Ե՞րբ վերջապես կավարտվի Մ-6-ի ճանապարհաշինությունը, ի՞նչ փուլում են գտնվում աշխատանքներն այժմ, ո՞ր հատվածներն են մինչ օրս մնացել քանդված, սակայն չկառուցված:
Marzer.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի հանրային կապերի մասնագետ Լիլիթ Գրիգորյանը հայտնել է, որ աշխատանքները կատարվում են երկու փուլով։ 1-ին փուլի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2016թ․ սեպտեմբերին։ 1-ին փուլի շրջանակներում հիմնանորոգվել է Մ6 միջպետական ճանապարհի՝ Վանաձոր-Թումանյան 38,45 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այդ հատվածը հանձնվել է շահագործման 2018թ․ դեկտեմբերի 24-ին։ 2-րդ փուլով հիմնանորոգվում է Մ6-ի՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածը։ 2-րդ փուլի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018թ․ մայիսի 29-ին։ Աշխատանքներն այս պահին շարունակվում են։
Ավտոճանապարհի հիմնանորոգումը, ինչպես հայտնել է Լիլիթ Գրիգորյանը, ներառում է համալիր աշխատանքներ, որոնց շնորհիվ ամբողջովին վերականգնվում են ճանապարհային հագուստը, ճանապարհային ծածկը, հողային պաստառը, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներ։ Հիմնանորոգման արդյունքում կբարձրանա միջպետական մայրուղու երթևեկության ինտենսիվությունը, կկրճատվի երթևեկության տևողությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը, ինչպես նաև կբարելավվի ճանապարհի անվտանգությունը։
Առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել են «Արարատ ճանշին ՍՊԸ և Քոնսթրաքշն Քոմփանի Դորլիդեր ՍՊԸ» ՀՁ-ն, «Ճանապարհ ՍՊԸ և Կամուրջշին ՓԲԸ» ՀՁ-ն և «Կապավոր» ՍՊԸ-ն։
2-րդ փուլում ճանապարհաշինական աշխատանքների մրցույթը շահել են «Հորիզոն-95» ՍՊԸ-ն և «Օբերոսլեր ԿԱՎ Պիետրոս» ՀՁ-ն, «Բլաք Սի Գրուփ» և «ԱԱԲ Պրոեկտ» ՍՕԸ» ՀՁ-ն և «Սուարդի» ԲԸ-ն։ ՊՈԱԿ-ից հայտնել են, որ հիմնանորոգման աշխատանքները ներկայում ընթանում են Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում։ Ամբողջովին ավարտվել է Մ-6 միջպետական ճանապարհի՝ Վանաձոր-Թումանյան 38,45 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։ Մ-6-ի 2-րդ փուլի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև 2021 թվականի ավարտը, վստահեցրել են «ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:
Ինչ վերաբերվում է վարորոդների, հատկապես Ալավերդու տարածաշրջանում բնակվող քաղաքացիների՝ շինաշխատանքների տեմպերի հետ կապված դժգոհություններին ու աշխատանքների դանդաղ տեմպերին, ՊՈԱԿ-ից հետեւյալ պատասխանն են տվել. «Նշված հատվածում աշխատանքները կատարելիս շինարարները բախվել են մի շարք խնդիրների հետ. ասֆալտե շերտի տակ ի հայտ են եկել ենթակառուցվածքներ, որոնք արձանագրված չեն եղել որևէ տեղ, ինչի հետ կապված նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել։ Որոշ հատվածներում կատարված նախագծային փոփոխությունների հետևանքով լրացուցիչ օտարումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել։ Բացի այդ, ծրագրում ներառվել են լրացուցիչ ծավալներ, մասնավորապես, ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող հատվածի լուսավորության ցանցի նախագծում և տեղադրում և այլն։ 2020 թվականին հիմնանորոգման տեմպերի վրա անդրադարձել են նաև կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, ինչպես նաև ռազմական դրության հետևանքները: Ճանապարհաշինական աշխատանքները, բնականաբար, ենթադրում են որոշ անհարմարություններ և պահանջում են ժամանակ դրանք իրականացնելու համար։ Ե՛վ պատվիրատուն, և՛ շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունը հետևում են, որպեսզի կապալառուները աշխատանքները կատարեն հնարավորինս արագ՝ նվազագույն անհարմարություններ պատճառելով բնակիչներին»։