
Հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի ներուժը:
Այս մասին վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիի» հետ Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի զրույցը՝ գրում է aravot.am-ը:

«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնումն ու ամրապնդումը միշտ եղել է օրակարգում, եւ հայկական կողմը միշտ շահագրգռված է եղել դրանում այն պարզ պատճառով, որ բազան իր լիարժեք կազմով մտնում է Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի Զորքերի միավորված խմբավորման մեջ, եւ հետեւաբար, բազայի հնարավորությունների ընդլայնումն ավտոմատ կերպով կնպաստի Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում երկկողմ հիմքով գործող համատեղ խմբավորման ներուժի ընդլայնմանը»,- ասել է Հարությունյանը:
Նրա խոսքով, «իհարկե, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաշվի է առել առկա ռազմաքաղաքական իրողությունները տարածաշրջանում եւ ճիշտ քայլեր է ձեռնարկել բազայի ամրապնդման եւ վերազինման ուղղությամբ»: «Եվ ես համոզված եմ, որ այս գործընթացը կկրի երկարաժամկետ բնույթ»,- ասել է նախարարը:
Հարությունյանը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտություն չի տեսնում երկրում տեղակայել երկրորդ ռուսական ռազմաբազան:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայմանը հանրապետության տարածքում, կարծում եմ- որ դրա անհրաժեշտությունը չկա, չնայած որ այս պահին մեր պետությունների միջեւ նորմատիվ իրավական հիմքերն էլ սահմանում եւ կանոնակարգում են միայն մեկ ռուսական ռազմաբազայի գործունեություն»,- ասել է Հարությունյանը: