Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Դսեղում՝ Լոռու մարզպետի օրակարգը թեժ էր

Դսեղում՝ Լոռու մարզպետի օրակարգը թեժ էր

0

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Դսեղ համայնքում էր՝ բնակիչներին հուզող հարցերն անձամբ լսելու, համայնքի համար առաջնային կարեւորություն ներկայացնող խնդիրներին պարզաբանումներ տալու նպատակով: Մարզպետը հանդիպեց ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակազմի հետ:

Բնակիչներին հուզող գլխավոր հարցը համայնքների խոշորացումն է: Մարզի ղեկավարը նշեց՝ տնտեսապես ուժեղ, ֆինանսապես կայուն համայնքների ձեւավորման գործում խոշորացման դերը մեծ է, բայց Դսեղի հարցը դեռեւս քննարկման փուլում է. ներկայում հստակ որոշում չկա:

Քննարկվեցին նաեւ այս տարվա սուբվենցիոն ծրագրերը. Դսեղը 2 ծրագիր է ներկայացրել՝ ճանապարհի ասֆալտապատում եւ գյուղտեխնիկայի ձեռքբերում: Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ ծրագրերը ներկայացվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ հաստատման:

Դսեղ համայնքը ներգրավված է նաեւ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրում. նախատեսում են համայնքի գերեզմանոցի ցանկապատում իրականացնել: 1.5 մլն դրամից համայնքը նախատեսում է 800.000 դրամի ներդրում կատարել:
Բնակիչները հետաքրքրվեցին նաեւ է Հ 70՝ Մ6-Աթան ճանապարհահատվածի վերանորոգմամբ: Մարզի ղեկավարը տեղեկացրեց՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ նախնական համաձայնությամբ շուրջ 34 կմ ճանապարհահատվածը կհիմնանորոգվի:

Մեկնաբանել