
Marzer.am լրատվական կայքը սկսում է նոր նախագիծ՝ «Սպորտը մարզերում»: Այս խորագրի տակ պարբերաբար անդրադառնալու ենք մարզերում ապրող և աշխատող մարզիկներին, վեր ենք հանելու մարզաշխարհի՝ մարզերում առկա խնդիրները, բացահայտելու ենք համայնքի, մարզի ու երկրի պատիվը տարբեր երկրներում բարձր պահած մեր մարզիկների կերպարը:

«Սպորտը մարզերում» նախագծի առաջին հյուրը ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության Վանաձորի N2 ՀՓՋ հրշեջ-փրկարար, ծանրամարտիկ, ուժային եռամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Զորիկ Պողոսյանն է:
-Ո՞ր տարիքից եք զբաղվում մարզաձևով, ի՞նչ ճանապարհ եք անցել:
– 7 տարեկանից զբաղվել եմ ծանրամարտով: Մանկուց երազել եմ դառնալ մեծ մարզիկ, ունեցել եմ նպատակ՝ հասնել բաղձալի արդյունքի: Շատ վատ պայմաններում եմ մարզվել: Չկար գումար՝ անհրաժեշտ սննդակարգի համար, չկար մարզման պատշաճ հնարավորություն, բայց հաղթահարեցի կամքի ուժի ու ձգտման շնորհիվ:
– Ո՞րն էր առաջին ձեռքբերումը: Կպատմե՞ք:
– Իտալիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գրավեցի 4-րդ տեղը: Այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան էի: Այդ արդյունքը ինձ ոգևորեց, և սկսեցի էլ ավելի նվիրվել իմ մարզաձևին, որպեսզի ունենամ նոր ձեռքբերումներ:
– Հիասթափություն ունեցե՞լ եք:
– Երբեմն եղել է: Մրցումների ժամանակ անհաջողություն եմ ունեցել, վնասվածքներ, բայց չեմ կոտրվել: Հակառակը. այդ անհաջողություններն ինձ դաս են եղել, որ էլ ավելի կենտրոնացնեմ ուժերս, հաղթահարեմ դժվարությունները և ավելի մեծ եռանդով ու ճշգրիտ մարզվեմ, որպեսզի հասնեմ արդյունքի: Դա միայնակ հնարավոր չէր լինի, եթե չլիներ մարզիչս՝ հայրս, ով մշտապես իր խորհուրդներով եղել է կողքիս:
– Ի՞նչ հաջողություններ ունեք այսօր:
– 2018թ.-ին Վրաստանում կայացավ Ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունը: Այնտեղ ես կարողացա դառնալ Եվրոպայի բացարձակ չեմպիոն, իսկ 2019թ.-ին Ուկրաինայում՝ աշխարհի չեմպիոն, դրանից հետո էլ՝ աշխարհի կրկնակի չեմպիոն և միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող: 2020 թ.-ին սահմանեցի «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ: Պետք է նշեմ, որ այս հաղթանակները թիմային աշխատանքի արդյունք են, որոնցում մեծ ներդրում ունեցան հայրս և ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը:
– Ի՞նչ խնդիրներ եք տեսնում ձեր բնագավառում և ի՞նչ լուծումներ:
– Խնդիրները շատ են: Օրինակ՝ մարզագույքի պակասը… Շատ կցանկանայի, որ Վանաձորում լիներ ուժային եռամարտի մարզադպրոց՝ երեխաներին այդ ճյուղով զարգացնելու համար: Ներկայումս կառուցվում է ծանրամարտի մարզադպրոցը, որտեղ էլ ես մարզվել եմ և այդտեղից եմ մասնակցել խոշոր մրցաշարերին:
– Անցած տարին դաժան ու կորստաբեր էր, ինչպիսի՞ն էր վիճակը ձեր մարզաձևում:
– Անցած տարի ինչպես բոլոր մարզաձևերում, մեր մարզաձևում նույնպես մրցումներ չանցկացվեցին, մարզումներն էլ հաճախակի բնույթ չէին կրում: Այս տարի պատրաստվում եմ Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս պահի դրությամբ Լեհաստանի թռիչքները կասեցված են: Հուսով եմ, որ մինչև ապրիլ թռիչքները կվերականգնվեն, և մեր թիմով կմասնակցենք ապրիլի 14-ին կայանալիք աշխարհի առաջնությանը:
– Անկախ դժվարություններից՝ անցած տարեսկզբին «Դյուցազնագրքում» գրանցվեց Ձեր ռեկորդը: Ինչպե՞ս որոշեցիք այդ քայլին գնալ: «Գինեսի» գրքում գրանցվելու ծրագրեր կա՞ն:
– Ես միշտ հետաքրքրվել եմ հայ դյուցազուններով: Որոշեցի ջանք ու եռանդ չխնայել, մարզվել, հասնել արդյունքի և հայտնվել նրանց շարքում` անհատական ռեկորդ սահմանելով: Կապ հաստատեցի «Դյուցազնագրքի» ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանի հետ, նա խորհուրդ տվեց վարժության ձևը: Չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին՝ երկուսից երեք ամիս անընդմեջ մարզվեցի: Հայրս` իմ անձնական մարզիչը, քանի որ ռիսկային խմբում էր, հեռավար էր հետևում մարզումներին: Արդյունքը սպասեցնել չտվեց: «Դյուցազնագրքի» ռեկորդի վարժության ժամանակ 200 կգ ծանրաձողը կքանստած պահել եմ ուսերիս վրա 40 վայրկյան, որից հետո բարձրացրել: Ռեկորդս նվիրեցի 2020 թ.-ին հրդեհի ժամանակ զոհված Ապրիլյան պատերազմի մասնակից վանաձորցի Սամվել Դևելյանի հիշատակին: Առաջիկայում պատրաստվում եմ «Գինեսի» ռեկորդ սահմանել՝ այն նվիրելով արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Նշեմ, որ լինելու է Վանաձոր քաղաքում, ծանրամարտի նորակառույց մարզադպրոցի բացման ժամանակ:
– Ծանրամարտիկը, ուժային եռամարտիկը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը ինչո՞ւ որոշեց նաև հրշեջ-փրկարար աշխատել: Քանի՞ տարի է աշխատում եք, ի՞նչն է Ձեզ գրավում այդ աշխատանքում:
– Սիրել եմ փրկարարի աշխատանքը: Այն կոչում է: Որոշեցի մարզումներից բացի գտնել հասանելի աշխատանք, որը հենց փրկարարի գործն էր: Այն համատեղեցի: Մարզիկ-փրկարար կապն ավելի հոգեհարազատ դարձավ ինձ: Սիրով ու հպարտությամբ եմ կրում փրկարարի կոչումը: Այն ինձ համար վեր է բոլոր կոչումներից: ԱԻՆ նախարարի կողմից 2 անգամ արժանացել եմ բարձր պարգևների՝ «Լավագույն փրկարար» և «Անվեհեր փրկարար» մեդալների:
– Ի՞նչ կմաղթեք երիտասարդներին, ովքեր այսօր ընկճված են ու հիասթափված, չ՞է որ բազկի ուժի հաղթանակը նաև ոգու ամրության շնորհիվ է:
– Մեր երիտասարդներին առաջին հերթին մաղթում եմ չընկճվել. կյանքը շարունակվում է, պետք է ձգտել հասնել նպատակներին՝ նաև զոհված տղաների փոխարեն: Հավերժ փառք մեր անմահ հերոսներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Հերմինե Զարմանյան, marzer.am