ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել նախագահի ստորագրմանը ներկայացված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների մասին։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. փետրվարի 4-ին: Օրենքները ուսումնասիրվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի եւ անկախ փորձագետների ու իրավաբանների կողմից:
Հանրապետության նախագահը կարեւորում է դատական համակարգի դերն ու նշանակությունը պետության կենսագործունեությունն ու հասարակության բնականոն կյանքն ապահովելու հարցում:
Իրավունքի գերակայության, օրինականության, օրենքի ու դատարանի առջեւ հավասարության եւ գործի արդարացի քննության սկզբունքների վրա հիմնված դատաքննության իրականացումը, անկախ եւ անաչառ դատարանի կողմից արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրավունքի երաշխավորումը անհրաժեշտ պայմաններ են պետության եւ դատական համակարգի հանդեպ վստահության ամրապնդման, արդյունավետ արդարադատության իրականացման համար:
Օրենքների կիրառումը չպետք է խնդրահարույց լինի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որեւէ միջամտություն բացառելու տեսանկյունից:
Օրենքների վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները եւ փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքներն առերեւույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:
Հանրապետության նախագահը չի ստորագրել Օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով եւ փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,- ասված է հայտարարության մեջ։