Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրից հետաձգված խաղում Երևանի «Արարատը» Չարենցավանում ընդունեց «Արարատ-Արմենիային»։
Առաջնության առաջատարների խաղի ելքը վճռեց դաշտի տերերի՝ երկրորդ կեսում խփած միակ գնդակը։ 72-րդ րոպեին Աղվան Պապիկյանի գերազանց անցումից ու փոխանցումից հետո «Արարատի» նորեկ Դիմիտրի Պոբուլիչը գրավեց «Արարատ-Արմենիայի» դարպասը և հաղթանակ պարգևեց իր թիմին։
Վարդան Բիչախչյանի սաները այս հաղթանակի շնորհիվ վաստակեցին 24 միավոր և միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։ Ճիշտ է, արարատցիները իրենցից երեք միավորով հետ մնացող «Ալաշկերտից» և «Արարատ-Արմենիայից» մեկ խաղ ավելի են անցկացրել։