Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շարունակում է այցելությունները մարզի արտադրական ձեռնարկություններ. հերթական այցը սննդի արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Ռուդել» ՍՊԸ էր:
Մարզի ղեկավարին աշխատակիցները դիմավորեցին աղուհացով, ապա ընկերության տնօրեն Ռաֆայել Ալավերդյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց արտադրամասի տարածքով, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:
Տնօրենը մարզի ղեկավարին ներկայացրեց արտադրության տեսակները, ապրանքի իրացման շուկաները,խոսեց նոր ծրագրերից, որոնց իրականացման համար ակնկալում են պետության աջակցությունը:
Մարզպետը շեշտեց՝ բիզնեսի զարգացումը, աշխատատեղերի ապահովումը կառավարության համար առաջնային է. այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում մարզային իշխանությունը պատրաստ է աջակցել, սատար կանգնել մարզում գործունեություն ծավալող ձեռնարկություններին:
«Ռուդել» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թ. եւ շուրջ 30 տարի լինելով շուկայում՝ զբաղվում է հացաբուլկեղենի եւ հրուշակեղենի արտադրությամբ:
Ընկերությունը աշխատում է 2 հերթափոխով՝ աշխատանքով ապահովելով շուրջ 50 քաղաքացու:
Մարզի ղեկավարին տված խոստմանը համաձայն՝ առաջիկայում կմեծացնեն թե՛ արտադրության ծավալներըՙ թե՛ աշխատակիցների թիվը:Մարզպետն էլ իր հերթին վստահեցրեց՝ պատրաստ է լիազորությունների շրջանում հնարավորինս աջակցել։