Փետրվարի 26-28-ը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ արտագնա աշխատանքային քննարկում էր կազմակերպել:
Քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգիրք» նախագիծը, որն Ազգային ժողովում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ գրասենյակի, ԲԴԽ-ի, ԱԱԾ-ի, քննչական մարմինների, ոստիկանության, Փաստաբանների պալատի, արդարադատության նախարարության, դատախազության ներկայացուցիչներ եւ ոլորտի այլ պատասխանատուներ:
Նախագծի մշակման աշխատանքային խումբը իրավասու եւ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ բազմակողմանի քննարկել է օրենսգիրքը: Մինչեւ երկրորդ ընթերցումը օրենսգրքի կատարելագործմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն: