Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ «Գնացել է շնորհավորելու Ամանորը, խմել են ու․․․․»․գործը դատարանում է

«Գնացել է շնորհավորելու Ամանորը, խմել են ու․․․․»․գործը դատարանում է

0

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Լեռնանցք գյուղի բնակիչ, 60-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է տղամարդու՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս մարմնական վնասվածքներն ստացել է հարեւանի կողմից՝ 2021թ. հունվարի 1-ին` ժամը 15:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում:

Մասնավորապես` պարզվել է, որ դեպքի օրը 60-ամյա տղամարդը, Ամանորը շնորհավորելու նպատակով, գնացել է 49-ամյա հարեւանի տուն, որտեղ միասին հաց են կերել, օգտագործել ոգելից խմիչք:

Այնուհետեւ, երբ հարեւանները դուրս են եկել բակ, զրույցի ժամանակ նրանց միջեւ վիճաբանություն է ծագել՝ կենցաղային հարցի շուրջ, որի ընթացքում 49-ամյա տղամարդը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել հարեւանի մարմնի տարբեր հատվածներին, ինչը կանխվել է գործով մեղադրյալի որդու կողմից:

Սակայն, չհամակերպվելով այն մտքի հետ, որ հարեւանի հետ պարզաբանումն ավարտին չի հասցրել, կարճ ժամանակ անց 49-ամյա տղամարդը գնացել է նրա տան բակ, որտեղ շարունակել է ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ դիտավորությամբ պատճառելով առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող՝ ձախ բազկոսկրի մեծ թմբիկի եւ ձախից 8-րդ եւ 9-րդ կողերի կոտրվածքների ու ձախ բազկի արյունազեղման տեսքով մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լեռնանցք գյուղի 49-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Մեկնաբանել