Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հանդիպում ունեցավ Վանաձորի, ինչպես նաեւ Գուգարքի եւ Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների հետ՝ ներկայացնելով համայնքների խոշորացման վերաբերյալ նախնական մոտեցումները եւ մարզի Թումանյանի, Տաշիրի եւ Ստեփանավանի տարածաշրջանների համայնքների խոշորացման ծրագրի դրական փորձը:
Նշելով, որ համայնքների խոշորացման գործընթացն այլընտրանք չունի մարզի ղեկավարն առաջարկեց քննարկել, դիրքորոշում արտահայտել նախնական փնջերի մի քանի տարբերակների վերաբերյալ:
-Համայնքների խոշորացման բավականին դրական փորձ ունենք հենց մեր մարզում: Փոքր համայնքներն այսօր ի զորու չեն լինում զարգացման ծրագրեր իրականացնելու, անգամ մասնակցություն ունենալու պետության կողմից առաջարկվող սուբվենցիոն ծրագրերին: Մինչդեռ խոշորացման դեպքում այս հնարավորությունը կրկնապատկվում եւ եռապատկվում է,-ասաց նա:
Բնակիչների կողմից հաճախ հնչող մտահոգությանն ի պատասխան՝ նաեւ նշեց, որ խոշորացվող համայնքները կունենա վարչական ղեկավարեր, ավագանու կազմում ընդգրկված ավագանիներ, որոնք կբարձրաձայնեն բնակավայրերի խնդիրները, բացի այդ փաստաթղթերի տրամադրման հարցը կիրականացվի հիմնականում էլեկտրոնային տարբերակով եւ բնակիչները անհրաժեշտություն չեն ունենա կենտրոն գնալու:
Համայնքերի ղեկավարներն իրենց հերթին հանդես եկան առաջարկություններով, իրենց նկատառումները հայտնեցին հարցի վերաբերյալ: Առաջիկայում առավել հանգամանելի քննարկումներ կծավալվեն առաջարկվող տարբերակների շուրջ, կդիտարկվեն ամենաընդունելի փնջերը՝ ելնելով բացառապես համայնքների շահերից: