Գլխավոր Без рубрики Թվերն անհանգստացնում են վարչապետին․ նա դիմեց նախարարին

Թվերն անհանգստացնում են վարչապետին․ նա դիմեց նախարարին

0

Վերջին օրերին մենք կորոնավիրուսի թվերի որոշակի աճ ունենք, ինչն անհանգստացնող է: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ խնդրեց վիճակագրություն ներկայացնել:

«Վերջին ընթացքում մենք ունենք հիվանդացության աճ, երեկվա դրությամբ 2922 հետազատությունից մենք ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է: Եթե հունվար-փետրվար ամիսների սկզբում ունեինք թեստավորվածների մեջ 5-6 տոկոսի դրական դեպքեր, ապա ինչպես տեսնում ենք հիմա արդեն 16 տոկոս է եւ հաջորդ շաբաթ մեր կանխատեսումներով այս թիվը կավելանա»,- ասաց նախարարը:

Ավանեսյանն ընդգծեց՝ պիտի վերադառնան դիմակների եւ այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը. «Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա մեր կողմից պետք է ամեն բան անենք, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը: Հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնենք, որ առաջիկա օրերին՝ մարտի 8-ի հետ կապված մենք ունենալու ենք բավական շարժի ավելացում՝ ե՛ւ առեւտրային կենտրոններում ե՛ւ հյուրատներում»:

Նա հորդորեց վերահսկողական մարմիններին առանձնակի ուշադրություն դարձնել՝ տրանսպորտին, առեւտրային կենտրոններին, հյուրատներին եւ հստակ հսկողություններ իրականացնել:

«Անկախ հսկողությունից էլ մեր կարգապահությամբ պիտի ներդրում ունենանք պահպանելու մեր առողջությունը, մեր տնտեսությունը եւ ստեղծենք հնարավորություն պահպանելու կառավարելիի շրջանակներում: Մենք այսօր արդեն իսկ սկսում ենք 2 հիվանդանոցների ծավալման աշխատանքները: Ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը եւ հընթացս կավելացնենք մահճակալների թիվը»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ անգամ, եթե մենք ի վիճակի լինեն բոլորին պատշաճ բժկական օգնություն տրամադրելու՝ հիվանդացությունն ունի մոտ 20 տոկոսի մոտ ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ ծայրահեղ ծանր ընթացք:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ իր հերթին ասաց, որ այսօր քննարկում կիրականացնեն շահագրգիռ գերատեսչությունների հետ, որպեսզի թիրախային վերահսկողական գործողությունների առումով ուժեղացում իրականացնեն:

«Ինչպես մեր սեփական փորձը ցույց տվեց մենք լավ հաջողություններ ենք ունեցել դա անելով՝ ամռանը, նաեւ աշնանն ենք կարողացել դիմանալ, հույս ունեմ այս անգամ էլ կկարողանանք դիմակայել նոր ալիքին»,- նշեց Թորոսյանը:

Վարչապետը Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նորություն կա պատվաստանյութերի հետ կապված, ի պատասխան նախարարն ասաց, որ պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, բանակցությունները շարունակվում են. «Որոշակի դանդաղում կա պրոցեսների, բայց մենք մեր գործընկերների, այլ երկրների հետ փորձում ենք այնպես անել, որպեսզի հասանելիությունը զարգացող երկրներին՝ ապահովվի: Հույս ունենք, որ գարնան ընթացքում մենք պիտի արդեն առաջին խմբաքանակն ունենանք: Ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կքնման փուլում է, ակնկալում ենք առաջին ամսվա մեջ նաեւ այս խմբաքանակի ներկրումը»:

Ավանեսյանն ընդգծեց, որ պատվաստանյութերի ներկրման եւ պատվաստման գործընթացին զուգընթաց պիտի պահպանել դիմակների կրումը:

«Դա մեր որոշումը չէ, համընդհանուր մոտեցում է, որը նաեւ մենք պիտի պահպանենք: Մի այսպիսի թյուրըմբռնում էլ կա, որ եթե վարակվել եւ լավացել են մարդիկ, ապա նրանք ավելի դժկամությամբ ենք դիմակներ կրում: Բայց մենք որեւէ ապացուցված գիտական մոտեցում չունենք, որ այս շտամերով նրանց կողմից վարակումը բացառված է: Ուստի խնդրում եմ՝ անգամ եթե վարակվել եւ առողջացել են քաղաքացիները՝ պահպանեն այս կանոնները»,- ասաց նախարարը:

Մեկնաբանել