Գլխավոր Ահազանգ Ինչո՞ւ են «օրենքով գողերը» զանգահարել պատգամավոր Արման Բաբաջանյանին

Ինչո՞ւ են «օրենքով գողերը» զանգահարել պատգամավոր Արման Բաբաջանյանին

0

Երեկ՝ մարտի 3-ին, երեկոյան, «օրենքով գողերը» զանգահարել են Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Վերջինս այն կապում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին սուր հարցեր ուղղելու համար։

«Սատանի մայլում քյանդիրբազ մի խաղացեք, վեր ընգեք տեղներդ, երեքուկես տարի անազատության մեջ եմ եղել, ու գողերի հետ էլ եմ շփվել։ Մեկ ա, բոլորիդ հետեւից գալու ենք»,–ասաց Բաբաջանյանը։

Արձագանքելով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ դա սպառնալիք է, եւ Արման Բաբաջանյանը կարող է հետամուտ լինել օրենքի սահմաններում։

Հիշեցնենք, որ երեկ՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ընթացքում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նոյեմբերի 15-ի հայտարարությանը, նշել էր. «Պարոն Վարդազարյան, դուք ուղղակի չգիտեք՝ ինչ ղալաթ եք բերել ձեր գլխին նոյեմբերի 15-ի հայտարարությամբ: Մեկ էլ ասեմ, որ եկել եք սատանի մայլեն քայնդրբազություն եք անում, ձեր բոլոր տեսակի պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն»:

Այնուհետեւ, մինչեւ Վարդազարյանին հարց ուղղելը՝ Բաբաջանյանը դիմեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:  «Այս արհավիրքը դուք եք բերել Բարձագույն դատական խորհուրդ, ձեր իշխանության օրոք է նշանակվել, Վանեցյանի առաջադրմամբ, բոլորն էլ շատ լավ գիտեն: Այս մարդու ոչ թե վաստակն է դատական համակարգում գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի ժամանակ վնգստացող դատավոր է եղել, անհասկանալի պատճառով Վանեցյանի առաջադրմամբ, այդ պատուհասը դատական համակարգի գլխին եք  բերել»:

Վարդազարյանն էլ, մեջբերելով օրենքներից եւ դատավորների էթիկայի կանոններից դրույթներ, ասաց, որ դրանք իրեն զսպում են համարժեք բառապաշարով պատասխանելու համար: Վարդազարյանը նաեւ ասաց, որ իր անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններն ունենալու են հետեւանք՝ դիմելու է ԱԺ-ի խորհրդին կամ Էթիկայի հանձնաժողովին, որ Բաբաջանյանին ենթարկեն կարգապահական պատասխանատվության՝ օգտագործած բառապաշարի համար:

 

Ա․Դ․

Մեկնաբանել