Գարնանամուտին՝ Արարատի մարզի Նշավան համայնքում տեղի ունեցավ համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ) վերակառուցված շենքի բացման արարողությունը, որին ներկա էին Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, համայնքի ղեկավար Մյասնիկ Հովհաննիսյանը, առողջապահության ոլորտի գործընկերներ, համայնքի բնակիչներ:
Միջոցառման մասնակիցները շրջեցին ամբուլատորիայում՝ ծանոթանալու շենքային նոր պայմաններին եւ հնարավորություններին:
Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը շնորհավորեց բուժանձնակազմին եւ համայնքի բնակիչներին այս իրադարձության կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ այս փոփոխությամբ չեն սահմանափակվի, այլ հետագայում սույն կենտրոնը կհագեցվի նոր գույքով եւ ժամանակակից բժշկական սարքավորումներով ու պարագաներով:
«Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս եւ հատկապես նշավանցիներին, քանի որ սա կարեւոր իրադարձություն է նրանց համար: Մաղթում եմ, որպեսզի առաջիկայում այս կենտրոնում առավելապես լինեն կանխարգելիչ այցեր: Շատ ուրախալի է, որ այսուհետ բնակիչները կկարողանան արժանավայել պայմաններում օգտվել կենտրոնի կողմից մատուցվող բուժծառայություններից, իսկ բուժանձնակազմը կաշխատի արժանապատիվ պայմաններում»,- ընդգծեց Սուսաննա Կտրակյանը:
Նշենք, որ ամբուլատորիայի նախկին շենքը շուրջ 30 տարի գտնվում էր խիստ անմխիթար վիճակում: Համայնքապետարանի hաշվեկշռում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկում տեղակայված ամբուլատորիա հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչները հասնում էին շատ մեծ դժվարությամբ: Վերակառուցելով եւ կապիտալ վերանորոգելով վարչական շենքի առաջին հարկը՝ կենտրոնն այժմ իր այցելուներին կներկայանա միանգամայն նոր եւ բարեկարգ վիճակով եւ նրանց կսպասարկի առավել հարմարավետ պայմաններում:
Նշենք նաեւ, որ շենքի վերակառուցումը սկսվել է երեք տարի առաջ՝ համայնքապետարանի նախաձեռնությամբ, համայնքում եւ այժմ համայնքից դուրս բնակվող նշավանցիների համաֆինանսավորմամբ: Շենքի վերակառուցման եւ նորոգման ընդհանուր գումարը կազմել է 9 միլիոն 300 հազար դրամ, որից 4 միլիոն դրամը հատկացվել է համայնքային բյուջեից: