Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ կիրակի՝ մարտի 7-ին, Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը։ Ըստ Առուշ Առուշանյանի, Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին անդադար պիտի զգա, որ մենք միասնական ու համախմբված կերպով ոչ միայն մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին ենք, այլեւ՝ շարունակելու ենք շենացնել մեր բնակավայրերը։
«Դրոշը մեր պետականության, մեր լինելիության, մեր արժանապատվության խորհրդանիշն է: Շուռնուխում բարձունքի վրա տեղադրված դրոշը, ի տես մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամու, հենց այդ խորհուրդն ունի: Եռագույնը՝ երկնքի հետ ներդաշնակվելով, վերահաստատեց, որ Սյունիքը անկոտրում է, Սյունիքը պատվար է, իսկ Սյունիքի ոգին՝ անսասան… Սյունիքի շուրջ քաղաքական շահարկումներն անիմաստ են, որովհետեւ դարերով կուտակված հզոր ավանդույթներ կան այստեղ, հայի ու հայկականության հզոր արմատներ…»,–ասում է պատմաբան Գրիշա Հարությունյանը։
Շուռնուխում նաեւ միջոցառումներ եւ մատաղի արարողություն տեղի ունեցավ։