Գլխավոր Без рубрики Շիրակում «Կլոր սեղան»–ի աջակցությամբ մարդասիրական օգնություն կբաշխվի 450 արցախցու

Շիրակում «Կլոր սեղան»–ի աջակցությամբ մարդասիրական օգնություն կբաշխվի 450 արցախցու

0

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Գյումրու սոցիալական կենտրոնում սկսվել է Արցախից տարհանված խոցելի ընտանիքներին սննդի, հիգիենիկ փաթեթների եւ անկողնային սպիտակեղենի հավաքածուների բաշխումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից ստացած դրամաշնորհի շրջանակում՝ Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքի (ACT Alliance) աջակցությամբ։

Ծրագրով նախատեսված է 450 անձի տրամադրել սննդի եւ հիգիենիկ փաթեթներ, իսկ բազմանդամ ընտանիքներին՝ նաեւ անկողնային սպիտակեղենի հավաքածուներ: Մարտի 5-ին սննդի եւ հիգիենիկ փաթեթներ էին բաշխվել 354 շահառուի։ Ծրագիրը կավարտվի այս շաբաթվա սկզբին։ Բաշխումն իրականացվել է՝ համաճարակային պայմանները պահպանելով։

Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված շրջաններից տեղահանված եւ Շիրակի մարզում բնակություն հաստատած ընտանիքները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Կլոր սեղան հիմնադրամի ֆինանասավորմամբ՝ տորթերի պատրաստման մասնագիտական դասընթացին։ Քաշաթաղցի կանանցից մեկը հույս է հայտնել, որ դասընթացն ավարտելուց կկարողանա հոգալ ընտանիքի կարիքները։ Ինը երեխա ունեցող մի ընտանիքի զավակներից մեկն էլ անհետ կորել է Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով: ՀԿՍ աշխատակիցները նրանց ընդգրկել են նաեւ հիմնադրամի մեկ այլ գործընկերոջ՝ Diakonie Katastrophenhilfe-ի դրամական օժանդակության ծրագրում: 2020 թվականի հոկտեմբերի 2-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Կլոր սեղան հիմնադրամը աջակցություն է տրամադրել Արցախից տարհանված 656 ընտանիքի: Ընդհանուր առմամբ՝ աջակցություն է ստացել 2703 անձ: Աջակցությունը տրամադրվել է 3 ծրագրի շրջանակում՝ Hungarian Interchurch Aid, ACT Alliance եւ FAP կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Մեկնաբանել