Մարտի 7-ի երեկոյան ոստիկանության Հրազդանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Ոստիկանություն դիմած տղամարդը հայտնում էր, որ իրեն վստահված բնակարանից գողություն է արվել։ Վանատուր թաղամասում գտնվող տունը, որ հաղորդում տվողի ազգականներինն էր, չէր բնակեցվում։ Տանտերերն արտերկրում են։
Հանգամանք, որը գրավել էր գողություն արած անձի ուշադրությունը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ տուն էին մտել պատուհանով ու գողացել կենցաղային տեխնիկա եւ իրեր։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։
Հետեւողական աշխատանքի արդյունքում Հրազդանի ոստիկաններին հաջողվեց փաստական տվյալներ ձեռք բերել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Նույն օպերատիվությամբ էլ Վանատուր թաղամասում բնակվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը։
Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաեւ գողոնի մի մասը։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։