Վերջին օրերին Հայաստանում համաճարակային իրավիճակը խիստ լարված է, նկատվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կտրուկ աճ, վարակի վերարտադրողական ցուցանիշը բարձր է 1-ից: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«Վերլուծության արդյունքներով՝ վերջին 14 օրվա տվյալները, եթե համեմատենք նախորդ 14 օրվա հետ, ունենք արդեն 91 տոկոսից ավելի դեպքայնության ցուցանիշի աճ, վարակի վերարտադրողական ցուցանիշը կազմում է 1.3: Սա նշանակում է, որ մոտակա 7 օրերի ընթացքում, եթե զգոն չլինենք, չպահպանենք անվտանգության կանոնները, կունենանք լրացուցիչ 3700 նոր դեպք»,- ասաց Աբովյանը՝ հիշեցնելով՝ ԱՀԿ-ի կողմից առաջարկված 3 կանխարգելիչ միջոցառումները՝ ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, դիմակների կրում:
Աբովյանը ընդգծեց՝ հիվանդանոցներում մահճակալների թիվը սուղ է, ավելացել է հոսպիտալացման թիվը: Հիվանդները դիմում են բժշկի ծայրահեղ ծանր վիճակում: Ավելանում է նաեւ նոր վերապրոֆիլավորված հիվանդանոցների թիվը. «Արդեն բացվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը, մահճակալների թիվը բավականին սուղ է, քանի որ ավելանում է նաեւ հոսպիտալացման թիվը: Առավել շատ կլինիկական ախտանիշներով հիվանդներ են ընդունվում բժշկական հաստատություններ, երբ մնում են տանը եւ ժամանակին չեն դիմում համապատասխան հիվանդանոց կամ էլ շատ դեպքերում այլ մասնագետների կողմից են բուժում ստանում կամ էլ ինքնաբուժում են ստանում: Մասնավորապես՝ հակաբիոտիկների նշանակումը տան պայմաններում օգտագործելը ավելի է վատացնում հիվանդի վիճակը, դրա համար էլ ընդունվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում: Հիվանդանոցներն էլ աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով»:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ նաեւ մանկապատանեկան տարիքի երեխաների շրջանում կա դեպքերի կտրուկ աճ: Օրինակ՝ 3-5 տարեկանների շրջանում դեպքայնությունն աճել է 1.17 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 1.42 անգամ, իսկ 6-8 տարեկանների շրջանում՝ 3.3 անգամ:
Անդրադառնալով դպրոցների հետ կապված քննարկումներին՝ Աբովյանը նշեց՝ դպրոցներում սահմանափակող միջոցառումների մեղմացման աշխատանքներ տարվել են, սակայն դրանք գուցե խստացնելու կարիք լինի. «Երկու շաբաթ առաջ մասնավորապես դպրոցների սանիտարական նորմերի կանոններում փոփոխություն եղավ, թույլատրվեց 20-ից ավելի աշակերտների ուսուցումը մեկ դասարանում՝ անվտանգության պայմանների խիստ պահպանման պայմաններում: Բայց չի բացառվում, որ այդ միջոցառումները կխստացվեն, եթե դեպքերի աճը շարունակվի»:
Իսկ արդյոք կարիք կա՞ անցնել նոր սահմանափակումների. «Հիմա որեւէ սահմանափակող միջոցառումների կարիք չկա, դա կախված է մեզանից, եթե շարունակվի մեկ օրում արձանագրվել 700-ից ավել դեպք, այդ ժամանակ հնարավոր է մտածել որոշակի սահմանափակումների մասին: Հունվարի 15-ից հետո մենք ունենք անվտանգության կանոնների չպահպանում, գրեթե բոլորը դիմակ չեն կրում: Յուրաքանչյուրս պետք է լինենք պատասխանատու, ուղղորդենք, որ բոլորը կրեն դիմակ, միգուցե այդ դեպքում կարողանանք կանգնեցնել վարակի տարածումը»: