Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով ՄԻՊ-ի գործունեության ֆինանսական երաշխիքի վերացման՝ կառավարության նախաձեռնությանը, որով կրճատելու է ՄԻՊ-ի գործունեության տարեկան բյուջեն, համարեց խտրական նախագիծ։
«ՀՀ կառավարությունը նախաձեռնել է նախագիծ, որով նախատեսվում է վերացնել ՄԻՊ-ի անկախությունը կառավարությունից եւ ԱԺ-ում կառավարող խմբակցությունից, այլեւս խնդիրներ բաձրացնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը»,-հայտարարեց Թաթոյանը, ապա հավելեց, թե մի շարք հանգամանքներ պետք է հաշվի առնվեին.
«Այս դրույթով վերացվում է ոչ միայն ՀՀ ՄԻՊ-ի գործունեության երաշխիքը՝ որպես օմբուդսմեն: Մենք ունենք երեք միջազգային կարգավիճակ՝ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, երեխաների իրավունքների կոնվենցիայով նախատեսված միջազգային մեխանիզմ եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության՝ ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված մեխանզիմ: Այսինքն՝ սա վերաբերելու է նաեւ այդ ոլորտներում մեր գործունեությանը»,-ասաց նա:
Թաթոյանն ընդգծեց՝ ՀՀ ՄԻՊ-ի մասին օրենքում ամրագրված է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի եւ նրա աշխատակազմի, ինչպես նաեւ՝ կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:
«ՀՀ ՄԻՊ-ի տարեկան բյուջեն կազմում է 532 մլն դրամ, որից աշխատանքի վարձատրության համար ամբողջ մասը հանած՝ տարեկան աճը կազմել է 2 մլն 350 հազար դրամ: Այսինքն՝ եթե պայմանական բաժանենք ամիսների, մոտ 200 հազար դրամ էլ չի կազմում»,-նշեց նա՝ հավելելով, թե հարցն ընդգրկված է եղել Կառավարության մարտի 11-ի նիստում՝ որպես չզեկուցվող հարց, եւ ինքը դրա մասին տեղեկացել է Կառավարության նիստի ընթացքում, երբ լրատվամիջոցները սկսել են հրապարակումներ անել:
Թաթոյանի խոսքով՝ նախագիծն առաջարկվել է դեռ 2020-ի սեպտեմբերին, Կառավարությունում քննարկումը եղել է պատերազմից մի քանի օր առաջ, որի ընթացքում Թաթոյանը ներկայացրել է իր առարկությունները, այնուհետեւ որոշվել է հետաձգել քննարկումը:
«Ես ենթադրում էի, որ պատերազմի ընթացքում մեր աշխատանքի մեծածավալությունը, բարդությունները տեսնելով՝ Կառավարությունը միգուցե հրաժարվի այս մոտեցումից, բայց այդպես չեղավ, եւ հունվարի ավարտին այս նախագիծը նորից բերվեց քննարկման օրակարգ»,-ասաց նա: