Գլխավոր Հասարակություն Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին

0

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Բաքուն, իր պարտավորությունների համաձայն, Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։

«Ադրբեջանական պետության դիրքորոշումն այս հարցում շատ բաց եւ պարզ է։ Համաձայն եռակողմ հայտարարության՝ մենք հայկական կողմին ենք փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ընթացքում եւ մինչեւ դրանց սկսվելը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը սկսել է ռազմագերիներին փոխանցել ավելի վաղ, քան Հայաստանը՝ դեռ ռազմական գործողությունների ընթացքում։

Ինչ վերաբերում է ներկայումս ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողներին, Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է, որ նրանք չեն համարվում ռազմագերիներ, քանի որ չեն գերեվարվել ռազմական գործողությունների ընթացքում։

«Այս մարդիկ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից եւ եռակողմ համաձայնագրի ստորագրումից բավական հետո, ավելի ճիշտ՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ին։

Նրանք զորակոչվել են Հայաստանի Շիրակի մարզից եւ ուղարկվել Ղարաբաղ, կատարել են հանցագործություններ, որոնց արդյունքում զոհվել են ադրբեջանցի զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք։ Նրանց հանդեպ հետաքննությունը շարունակվում է»,- հավելել է Բայրամովը։

Մեկնաբանել