Գլխավոր ԵՐԵւԱՆ Նախատեսվում է ստեղծել պատերազմում զոհված բոլոր հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող կայք․ հրավիրվում...

Նախատեսվում է ստեղծել պատերազմում զոհված բոլոր հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող կայք․ հրավիրվում են մասնագետներ

0

Պաշտպանության նախարարության հետ համատեղ ցանկանում ենք ստեղծել կայք, որի նպատակը պետք է լինի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված բոլոր հերոս հայորդիների հիշատակի հավերժացումը՝ անկախ կարգավիճակից, զինվորական կոչումից, գործած սխրանքից, ինչպես նաեւ պատերազմի պատմության փաստական հիմքի ստեղծումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Կայքում կընդգրկվեն նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի, 2020 թվականի հուլիսյան (Տավուշյան) եւ այլ մարտական գործողությունների ժամանակ անմահացած մեր հերոսների մասին տեղեկությունները։

«Կայքի կազմակերպման համար հրավիրում ենք մասնագետների, ովքեր, որպես կամավոր, կներգրավվեն կայքի պատրաստման աշխատանքային խմբում։ Ցանկացողներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ hayk.sargsyan1@parliament.am էլփոստի միջոցով։

Կայքը ունենալու է որոնման պատուհան՝ ընդլայնված որոնման հնարավորություններով այբբենական կարգով՝ անուն-ազգանուն-հայրանունով, ծննդյան տարեթվով, ծննդավայրով, հուղարկավորության վայրով, զինվորականների դեպքում՝ կոչումներով, զորամասերի համարներով, պարգեւներով եւ այլ տվյալներով:
Կայքն ունենալու է պատմությունների բաժին, որտեղ կտեղադրվեն մարտական ընկերների կողմից ներկայացված պատմությունները զոհված կամ անհետ կորած հերոսների մասին։

Կայքը ունենալու է նաեւ տեղեկությունների համալրման հնարավորություն, ինչը օգտատերերին հնարավորություն կտա հավելյալ տվյալներ/լուսանկարներ ներբեռնել կայք: Օրինակ՝ ծնողները, հարազատները կամ ընկերները կարող են ավելացնել լուսանկարներ կամ այլ, այդ թվում՝ ճշգրտող տվյալներ:

Ըստ էության, կայքը հնարավորություն կտա անուն առ անուն ճանաչել մեր հերոսներին՝ կարդալ նրանց կենսագրությունները, անցած ուղին, տեսնել նրանց լուսանկարներն ու դիտել նրանց մասին տեսանյութերը»,- մանրամասնել է պատգամավորը եւ նշել, որ նկարում կայքի նախնական էսքիզային տարբերակներից մեկն է՝ մոտավոր պատկերացում կազմելու համար։

Մեկնաբանել