Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ «Տղաները դուրս են եկել, մեքենան են լվացել…». չորս ընկերների հետ վթարի ենթարկված...

«Տղաները դուրս են եկել, մեքենան են լվացել…». չորս ընկերների հետ վթարի ենթարկված 15-ամյա վարորդը տեղափոխվել է Երեւան

0

Մարտի 14-ի ողբերգական ավտովթարի 5 մասնակիցներն էլ Արագածոտնի մարզի Թալին քաղաքից են, բոլորը՝ անչափահասներ: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ «Թալին» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ազնիվ Թորոսյանից: Տղաները 5-ն էլ 2006 թվականի ծնվածներ են:

Նշենք, որ վթարի հետեւանքով տղաներից 4-ը մահացել են: Նրանցից միայն մեկի՝ 15-ամյա Արթուր Հ.-ի կյանքն է հաջողվել փրկել, որն էլ եղել է մեքենայի ղեկին:

Փոխտնօրեն Ազնիվ Թորոսյանի փոխանցմամբ՝ տղայի վիճակը գնահատվում է կայուն ծանր, ունի կոնքազդրային ոսկրերի կոտրվածքներ: Նրան «Թալին» ԲԿ-ից տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Հենց նոր եմ խոսել ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ, տղայի վիճակը կայուն է»,- ասաց նա:

Թորոսյանի խոսքով՝ մեքենայի ղեկին եղել է Արթուր Հ.-ն, որ այժմ հիվանդանոցում է: «Նրանք ընկերներ էին: Ըստ մեզ հասած տեղեկատվության՝ տղաները դուրս են եկել, մեքենան են լվացել, միասին գնացել են, բայց թե ուր եւ ինչ նպատակով, պարզ չէ»,- ասաց փոխտնօրենը:

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 19:40-ի սահմաններում, Opel մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ Աշնակ գյուղի վարչական տարածքում, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետեւանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն:

Ավելի ուշ հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից 4-ը մահացել են, մեկի վիճակն էլ ծայրահեղ ծանր է:

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Մեկնաբանել