Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ Marzer.am-ը զրուցել է մարզում այս տարի իրականացվող սուբվենցիոն ծրագրերի կատարման ու ընթացքի, համայնքների խոշորացման ու մի շարք այլ հարցերի մասին: Մարզպետի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
_Պարոն խաչատրյան, ի՞նչ փուլում է մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը.
-2021թ-ին իրականացվելիք պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրերի հայտերը դեռեւս ընդունման փուլում են: Իսկ ամբողջապես պետական ֆինանսավորմամբ արդեն իսկ նախնական հաստատման արժանացած մի քանի ծրագրեր ունենք, որոնք քննարկվել են պարոն Պապիկյանի հետ: Դրանցից են՝ Մոտկորի շրջանի գյուղեր տանող շուրջ 34 կմ ճանապարհների կապիտալ հիմնանորոգումը, ինչպես նաեւ Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու հիմնանորոգումը:
Ինչ վերաբերում է սուբվենցիոն նոր ծրագրերին, դեռեւս հայտերն ենք ընդունում համայնքներից: Կլինի ճանապարհաշինություն, գյուղտեխնիկայի ձեռքբերում, ջրագծերի ու տանիքների հիմնանորոգում ու ոչ միայն: Երբ հայտերի ընդունումը կավարտվի, կներկայացնենք կառավարություն: Նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հետ կապված որեւէ խնդիր չունենք: 97 ծրագրերն էլ ավարտված են:
-Պարոն Խաչատրյան, պարբերաբար քննարկման է դրվում համայնքների խոշորացման հարցը, հիմա ի՞նչ փուլում է:
-Ինչպես գիտեք, մեր մարզում արդեն խոշորացում արվել է Ստեփանավանի, Տաշիրի եւ Թումանյանի տարածաշրջաններում, բայց Գուգարքի եւ Սպիտակի տարածաշրջաններում համայնքների խոշորացում չի արվել: Դրանք այս պահին քննարկվում են համայնքապետերի ու բնակիչների հետ, դեռեւս հստակ որոշում չկա, կդժվարանամ նաեւ հստակ ժամկետներ նշել:
–Քննարկման է դրվել մի նախագիծ, որով նախատեսվում է Սպիտակի շրջանի բոլոր գյուղերը միացնել Սպիտակ քաղաքին: Որքանո՞վ է արդարացված այս մոտեցումն՝ ըստ Ձեզ:
-Արդեն նշեցի, որ քննարկման փուլում ենք: Ես կարծում եմ, խոշորացում այս տարի տեղի չի ունենա: Մենք պետք է կոնսենսուսի գնանք թե՛ համայնքապետերի, թե՛ համայնքների բնակիչների հետ:
–Հանդիպումներ եք ունեցել նշված տարածաշրջանների համայնքների ղեկավարների հետ: Ինչպիսի՞ն է համայնքապետերի տեսակետը խոշորացման վերաբերյալ:
-Կարծիքները տարբեր են: Չի կարելի ասել՝ միանշանակ կողմ են, կամ դեմ են:
–Որպես մարզի ղեկավար՝ արդարացվա՞ծ եք համարում խոշորացումը, թե՝ ոչ:
-Գիտեք, 2 դեպքում էլ՝ թե՛ խոշորացված, թե՛ չխոշորացված համայնքները ունեն իրենց դրական ու բացասական կողմերը: Խոշորացման դեպքում մեկ միասնական բյուջե է լինում, որը թույլ է տալիս նաեւ փոքր գյուղական համայնքներում խնդիրները շատ արագ լուծել, մինչդեռ չխոշորացված լինելու ժամանակ այդ համայնքները դրա հնարավորությունը չեն ունենում, չեն կարողանում մասնակցել նաեւ թեկուզ հենց սուբվենցիոն ծրագրերին, ունեցած բյուջեն էլ հիմնականում գնում է աշխատավարձին ու պահպանման ծախսերին:
–Ո՞րն է մարզի թիվ 1 խնդիրը, որ գտնվում է մարզպետի ուշադրության կենտրոնում:
-Ինձ համար, թիվ մեկ խնդիրը մեր գերեւարված տղաների հարցն է, երկրորդ խնդիրը մեր սոցիալ տնտեսական վիճակի բարելավումն է, որ կարողանանք ներդրումների միջոցով աշխատատեղեր ստեղծել, որ մեր բնակիչները կարողանան իրենց հացը մեր երկրում վաստակել, ոչ թե օտար երկրներում:
Է. Արզումանյան, Marzer.am, Լոռի