Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ընթացիկ ամփոփում Լոռու մարզպետարանում

Ընթացիկ ամփոփում Լոռու մարզպետարանում

0

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն փոխմարզպետ Գոռ Ասրյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, բաժինների պետերի, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաները հանդես եկան կատարված աշխատանքների վերաբերյալ համառոտ հաշվետվություններով՝ ներկայացնելով նաեւ առկա խնդիրները, հանդես գալով մի շարք առաջարկություններով:

Ավարտվել է պետություն-համայնք համատեղ ներդրմամբ այս տարի իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի՝ համայնքներից հայտերի ընդունման գործընթացը: Հայտերը ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հաստատմանը: Ընդունված հայտների ընդհանուր թիվը 121 է՝ 5 մլրդ 124 մլն դրամ արժողությամբ: Մարզի ղեկավարը հույս հայտնեց, որ ծրագրերը կհաստատվեն՝ հնարավորություն տալով այս տարի եւս մարզում իրականացնելու մեծածավալ ծրագրեր:

Մարզում այսօրվա դրությամբ հաստատվել է համավարակի 9481 դեպք, առողջացել են հիվանդներից 8839-ը, բուժման ընթացքի մեջ են 471 հիվանդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 171 է: Սպիտակի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 98 հիվանդ, որոնցից 84-ը՝ ծանր, 14-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Ամփոփվել են սեփական եկամուտների ցուցանիշները: Եռամսյակային արդյունքներով պլանը կատարվել է ավելի քան 100 տոկոսով, առաջընթաց է գրանցվել նաեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Շարունակվում է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Չնայած նրան, որ դեռեւս երեք առարկայի օլիմպիադա ընթացքի մեջ է, մրցանակային տեղերի առումով ցուցանիշները գերազանցում են նախորդ տարվա արդյունքները: Դպրոցերում հակահամաճարակային իրավիճակի ուսումնասիրության նպատակով ամենօրյա վերահսկողություն է իրականացվում:

Այցերը զոհված զինծառայողների ընտանիքներ շարունակվում են: Այցելություն է կատարվել արդեն 55 ընտանիք:

Քննարկվեցին տարբեր ոլորտների վերաբերող այլ հարցեր եւս:

Մարզի ղեկավարն իր դիտարկումները հայտնեց ներկայացված հարցերի վերաբերյալ՝ տալով համապատասխան հանձնարարականներ:

 

Մեկնաբանել