Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ես աշակերտների հետ ավելի եմ երիտասարդանում. Ո՞րն է Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրենի՝...

Ես աշակերտների հետ ավելի եմ երիտասարդանում. Ո՞րն է Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրենի՝ նախընտրած «կաշառքը» (ֆոտո)

0

Ստեփանավանի Հ. Թումանյանի անվան ավագ դպրոցն այսօր 80 աշակերտ ունի: Մինչ ավագ դպրցի կարգավիճակ ստանալը, այստեղ սովորում էր  ավելի քան 900 աշակերտ:

Դպրոցը կապիտալ նորոգված է, հագեցած է գերժամանակակից սարքավորումներով ու կաբինետներով: Դպրոցի տնօրենը Սեդա Թունյանն է, մարդ, ով ինչպես ինքն է ասում՝ կյանքն առանց դպրոցի ու աշակերտների պարզապես չի պատկերացնում:  Դպրոցն ավարտած աշակերտներից շատերը միջազգային հեղինակավոր բուհերի շրջանավարտներ են:

Սեդա Թունյանը տնօրենի պաշտոնում է 1989թ-ից: Հիշում է, երբ նշանակվեց՝ աշակերտ չկար, 10 օր անց անց արդեն դպրոցն ուներ 260 աշակերտ. «Դպրոց գալու առաջին օրը ինձ հետ մի աշակերտ էր առավոտյան եկել, հետո հասանք 960 աշակերտի: Այն ժամանակ դպրոցը միջնակարգ էր, կային տարրական դասարաններ: Ինձ համար ավելի հետաքրքիր էր շատ աշակերտների հետ աշխատել, բայց այսօր էլ, երբ ավագ դպրոց ենք, հիմա մեծերն են, պատասխանատվությունն է մեծացել…այն ժամանակ ինքդ էիր աճեցնում քո ձեւով, իսկ հիմա գալիս են տարբեր համայնքներից ու դպրոցներից՝ իրենց հետ բերելով թե՛ լավը, թե՛ վատը, ու դու պետք է կարողանաս այդ 3 տարում այնպես անես, որ թե՛ քեզ սիրեն, թե՛ դպրոցը ու նաև պահպանվի կրթություն ստանալու ձգտումը: Մեզ մոտ դա ստացվել է: Անգամ դպրոցից հետո աշակերտները կապը չեն կտրում մեզ հետ: Երբ ես երկրից դուրս եմ գնում, վերադարձիս ինձ նաեւ իմ աշակերտներն են դիմավորում»:

Դպրոցը տեխնիկապես հագեցած է: Ժամանակակից սարքավորումներով ապահովված կաբինետները նպաստում են դասերն ավելի պրակտիկ ու հետաքրքիր անցկացնելուն: Տնօրենը կատակում է՝ մտածում են՝ էլ ինչ հետաքրքիր բան կարող են անել, երբ դպրոցն ամեն ինչով է ապահովված. «Դա նաեւ իմ պահանջկոտությամբ է պայմանավորված, նաեւ՝ կոլեկտիվ մտածողությամբ: Մեզ մոտ մշակույթ է ձեւավորվել, պետք է և ընկեր լինել դեռահաս աշակերտների համար, և միաժամանակ խստապահանջ տնօրեն»:

90-ականների ու ներկայիս աշակերտների միջեւ երկարամյա տնօրենն ու մանկավարժը մեծ տարբերություն չի տեսնում, պարզապես այն ժամանակ աշակերտների պահվածքն ավելի զուսպ ու լուրջ էր. «Հիմա էլ ավելի զարգացած են, ավելին են պահանջում ուսուցչից, մանավանդ մեր դպրոցում, որ այնքան շատ էլեկտրոնային գրատախտակներ ունենք, այնքան սարքավորումներ ունենք, որ երեւի ամբողջ մարզում այդքան չկա»:

Պահանջկոտ, աշխատասեր ու աշխատեցնող տնօրենը նշում է, որ «խուլիգան» աշակերտներ չունեն ու հենց դա է պատճառը, որ խիստ պատժատեսակներ ևս չկան:

Սեդա Թունյանը ոչ միայն աշխատանքում, այլ նաև տանն է խստապահանջ:  5 թոռնիկի տատիկ է, չի հերքում՝ տնօրենի ու ուսուցչի խստությունը մեկ-մեկ նաեւ տուն է տանում՝ թոռնիկների հետ դաս պարապելիս. «Մեկ-մեկ անգամ խանգարում է տնօրեն Թունյան եւ տիկին Սեդա կերպարները կյանքում, բայց դե իմ շրջապատում երեւի արդեն սովորել են»:

Սեդա Թունյանին մարզում բոլորը գիտեն, տարիներ շարունակ հենց նրա կարծիքն է նաեւ որոշիչ եղել մարզի կրթական ոլորտում: Իսկ ինչպես է հասել այդ կետին, մանրամասնում է. «Երեւի շատ եմ ձգտող եղել, եթե անգամ չեմ հաղթել՝ չեմ հիասթափվել, շարունակել եմ նորից ծրագրեր ներկայացնել, ես իմ պահանջկոտությամբ ու նախաձեռնողական լինելով նաեւ վարակել եմ մյուս տնօրեններին»:

Գործունեության այս տարիներին Սեդա Թունյանը դպրոցից որեւէ աշակերտի դուրս չի թողել: Ասում է՝ աշակերտի համար պատրաստ է մինչեւ վերջ գնալ. «Ես աշակերտի համար մինչեւ վերջ կպայքարեմ, ով ուզում է լինի, ինչ կազմակերպություն ուզում է լինի: Չի եղել աշակերտ, որին դուրս թողնեմ»:

Իսկ ինչի՞ համար է զղջում Սեդա Թունյանը.

«Չգիտեմ, ինչ-որ մի պահ է եղել, երբ ասել եմ՝ գուցե պետք չէր այս չափ նվիրվել: Ինձ կոտրելը դժվար է»:

Ամենասպասված «կաշառքը» տիկին Թունյանի համար ծաղիկներն են.

«Ծաղիկներով է պայմանավորված, թե քեզ ինչքան են սիրում, ճիշտ է՝ վերջին տարիներին դա էլ արգելեցին, բայց մենք էլի ստանում ենք»,-ասում է տիկին Թունյանն ու ցույց տալիս վերջերս աշակերտներից մեկի պատրաստած ու նվիրած «կաշառքը», որը սիրով տեղ է գտել տնօրենի աշխատասեղանին:

Եթե կյանքը այլ կերպ դասավորվեր ու Սեդա Թունյանը չդառնար մանկավարժ ու տնօրեն, ասում է՝ բժիշկ միանշանակ չէր դառնա. «Աշակերտի հետ ես ամեն տարի երիտասարդանում եմ, գուցե իրավաբան կդառնայի»:

Հարցազրույցը որոշում ենք շարունակել՝ շրջելով դպրոցում: Տիկին Թունյանը տնօրենին վայել խստությամբ  «պահանջում» է  մտնել բոլոր դասասենյակներն ու անձամբ տեսնել թե՛ հագեցվածությունը, թե՛ տեխնիկապես վերազնիված լինելը: Մինչ շրջում ենք դասարաններով ու կաբինետներով, դասարաններում դասապրոցես է ընթանում: Դասամիջոցի զանգն անգամ իր հետ աղմուկ չի բերում՝ այստեղ միշտ են կարգապահ:

Տնօրենը հատ առ հատ ցույց է տալիս ու մանրամասնում՝ թե որ դասարանն ու որ կաբինետը ում կամ ինչ կազմակերպության օգնությամբ է արել: Այս դպրոցում ոչ միայն դասարաններն են կահավորված, այլ նաեւ միջանցքներն ու սանհանգույցները: Հարցնում է՝ էլ ո՞ր դպրոցն ունի այսպիսի սանհանգույց: Տնօրենի նկատառումը, ցավոք, տեղին է, քանի որ այսօր մարզային կրթական հաստատություններից ոչ բոլորն են կահավորված ու տեխնիկապես հագեցած այնպես, ինչպես այս դպրոցում:

Մեկնաբանել