
Մարտի 24-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժնի ծառայողները (վարչության պետ Սեւան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ), Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի, հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Արտակ Հախինյանի գլխավորությամբ եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները Արշակունյաց 2-րդ նրբանցքում գտնվող ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի:
Ըստ shamshyan.com–ի, հայտնաբերված դին Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի 7-ից որպես անհայտ կորած, 38-ամյա Էդգար Ա.-ն է: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են դաջվածքներ, ինչպես նաեւ սպիներ, որի մասին ոստիկաններին եւ քննիչներին հայտնել էր քույրը:

5 ժամից ավելի էր, Հրազդան կիրճում՝ Հրազդան գետի մոտ 1.5 կմ-անոց հատվածում, որոնողական աշխատանքներ էին կատարում։ Փրկարարներն ու ոստիկանները որոնում էին այս տարվա մարտի 7-ին որպես անհայտ կորած 38-ամյա Էդգար Ա-ի դին։
Վերջինս սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում մարտի 22-ին Երեւանյան լճում ոստիկանները, փրկարարներն ու քննիչները հայտնաբերել էին տղամարդու դի, որը, ըստ SHAMSHYAN.com-ի հավաստի տեղեկությունների, ականատես էր եղել, թե ինչպես են Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ կապանցուն սպանել եւ գցել գետը, ինչից հետո նրան սպանողները տվյալ ականատեսին նույնպես սպանել էին։
Նույ օրը ձերբակալվել էին Երեւանի բնակիչ, 54-ամյա Ջանիկ Վ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արմեն Ու.-ն, առանց բնակության վայրի 35-ամյա Սամվել Պ.-ն եւ Արագածոտնի մարզի բնակիչ, 28 ամյա Թաթուլ Մ.-ն:
Նրանցից մեկը խոստովանել էր, թե ինչպես էր տեղի ունեցել դեպքը: