Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Գեղարքունիքի մարզպետը պետական պարգեւներ հանձնեց զոհված զինծառայողների ծնողներին

Գեղարքունիքի մարզպետը պետական պարգեւներ հանձնեց զոհված զինծառայողների ծնողներին

0

Մարտի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եղավ մարզի մի շարք համայնքներից 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված զինծառայողների ընտանիքներում եւ մեդալներ հանձնեց հերոսների ծնողներին։ Գեղարքունիքի մարզպետի հետ զոհված զինծառայողների ընտանիքներ այցելեցին նաեւ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի եւ Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։

ՀՀ նախագահի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգեւատրվել են՝

Էդմոն Հունանի Հովհաննիսյանը /Մարտունի քաղաք/
Արմեն Գեղայրի Աղեկյանը /Գավառ քաղաքի Արծվաքար թաղամաս/։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգեւատրվել են՝

Արտյոմ Խաչատուրի Խաչատրյանը /Վաղաշեն համայնք/
Կարեն Արմենի Սիմոնյանը /Ծովինար համայնք/
Արմեն Սմբատի Մինասյանը եւ Հարություն Աշոտի Ավետիսյանը /Վարդենիկ համայնք/
Անդրանիկ Լեւիկի Նավոյանը /Աստղաձոր համայնք/
Արեգ Ժերմեի Մկրտչյանը /Մարտունի համայնք/
Վիլհելմ Արագոնի Գեղամյանը /Լիճք համայնք/
Խաչատուր Գագիկի Ազիզյանը /Գավառ համայնք/
Ռաֆիկ Արծրունու Հակոբյանը /Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս/
Աղասի Տիգրանի Սահակյանը / Գանձակ համայնք/։

Մարզպետը զրուցեց զոհված հերոսների ծնողների հետ եւ պատրաստակամություն հայտնեց ցանկացած խնդրի դեպքում լինել նրանց ընտանիքների կողքին եւ հնարավորության շրջանակներում աջակցել։

«Անսահման է մեր համազգային ցավը, կորուստները` անդառնալի։Դժվար է մեզ համար սփոփանքի խոսքեր գտնել, սակայն մենք ձեզ հետ միասին պիտի նաեւ հպարտանանք, որ մեր տղաները որպես աննկուն հերոսներ, մինչեւ վերջին շունչը կանգնել են հայրենիքի պաշտպանության դիրքերում։Նրանց սխրանքը երբեք չի մոռացվի։Ավելին, նրանցից յուրաքանչյուրի սխրանքը կգրվի պատմության գրքերում։Մենք գլուխ ենք խոնարհում ձեր զավակների հիշատակի առջեւ, ձեր առջեւ, որ նման հերոս հայորդիներ եք ծնել, դաստիարակել ու պարգեւել մեր ազգին»,-հերոսների ծնողներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը։

Մեկնաբանել