ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղում խնդիրների լուծմանն ուղղված քայլերը:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ծրագրվում է քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի՝ ԼՂ հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանում խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում:
Նշվում է, որ կողմերը մտադիր են քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները: