
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհը մարվել է ժամը 08։39-ին։ Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 6-ին՝ ժամը 03:07-ին, «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ էր ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երեւանի պահածոների գործարանից։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի եւ Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Տեղում պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել էր հրդեհի բարդության Թիվ 3 կանչ: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների եւ տնտեսական ապրանքների տաղավարներ գույքով: Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։