Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության մասնագետների, մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ: Օգտվելով առիթից՝ նա նախ շնորհավորեց ներկա կանանց ապրիլի 7-ի՝ մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ:
Խորհրդակցության հրավիրման հրատապ նպատակը Լոռու մարզում կորոնավիրուսային վարակի դեմ տարվող պայքարին, հիվանդների բուժսպասարկման հետ կապված աշխատանքներին, առկա խնդիրներին առնչվող, ինչպես նաեւ պլանային պատվաստումներին, սքրինինգային հետազոտություններին եւ աշխատանքային կարգապահությանն առնչվող մի շարք հարցերի քննարկումն էր:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ մարզի ղեկավարը հատկապես կարեւորեց կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, զգոնության կոչերն՝ ուղղված ազգաբնակչությանը՝ համաճարակային կանոնների խստագույնս պահպանման նպատակով: Ինչպես հայտնի է, Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդների բուժում են իրականացնում Սպիտակի բժշկական կենտրոնը՝ 100 մահճակալ-տեղով եւ Վանաձորի բժշկական կնետրոնը՝ 40 մահճակալ-տեղով, մինչդեռ հաճախ ընդունում են շատ ավելի հիվանդներ, քան նախատեսված է:
Հատկապես անհանգստացնող են այսօրվա դրությամբ արձանագրված տվյալները՝ մեկ օրում հիվանդների թիվն ավելացել է 50-ով, արձանագրվել է 6 մահ:
Բուժհաստատությունների տնօրենները, հիվանդների մեծ հոսքով պայմանավորված, բարձրացրեցին մի շարք խնդիրներ: Ստեղծված ցանկացած իրավիճակում մարզի ղեկավարը կարեւորեց հիվանդներին համակողմանի աջակցություն ցուցաբերելը:
Խորհրդակցության շրջանակներում անդրադարձ կատարվեց նաեւ համաբուժարանների կողմից կատարվող պլանային պատվաստումներին՝ նշելով, որ առկա ցուցանիշներն այնքան էլ չեն գոհացնում: Տեղեկացվեց նաեւ, որ Լոռու մարզին առաջիկայում կտրամադրվի որոշակի քանակությամբ քովիդի պատվաստանյութ, որոնք բուժհիմնարկներին կբաշխվեն համամասնորեն:
Ինչ վերաբերվում է սքրինգային հետազոտություններին, ապա ցուցանիշները դարձյալ չեն գոհացնում: Առաջնային օղակի բուժհաստատություններին հանձնարարվեց առավել հետեւողականություն ցուցաբերել այս հարցում:
Ա. Խաչատրյանը առանձնակի կարեւորեց առողջապահական հիմնարկներում բարոյահոգեբանական մթնոլորտի պահպանումը, հիվանդների նկատմամբ հոգատարությունը եւ աշխատանքային կարգապահությանն առնչվող հարցերը:
«Յուրաքանչյուր հիվանդ, բուժհաստատություն մտնելով, պետք է արժանանա սրտացավ վերաբերմունքի՝ ցանկացած պարագայում ստանալով հոգատար վերաբերմունք եւ պրոֆեսիոնալ բուժսպասարկում»,-ասաց մարզպետը:
Քննարկվեցին ոլորտային մի շարք այլ հարցեր եւս, տրվեցին հանձնարարականներ: