Ապրիլի 6-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նախարարության պատվիրակության կազմում էին ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը, նախարարի խորհրդական Հովհաննես Մարտիրոսյանը:
ՀՀ Վայոց ձորի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի գրասենյակում նախարար Ռոմանոս Պետրոսյանի եւ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում Վայոց ձորի անտառտնտեսության ղեկավարի եւ աշխատակիցների հետ:
Ողջունելով ներկաներին, մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նախարարին` ոլորտի մարզային խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար եւ համոզմունք հայտնեց, որ միահամուռ ջանքերի շնորհիվ համագործակցության շրջանակը շարունակաբար կընդլայնվի եւ կամրապնդվի:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց աշխատանքային օրակարգի լայն շրջանակի: Քննարկման առանցքում էին շրջակա միջավայրի պահպանության գործում առկա խնդիրների եւ նրանց հասցեագրման ուղղությամբ փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը եւ ոլորտային ծրագրերին առնչվող այլ հարցեր:
Մասնակիցների ուշադրության կենտրոնում էր նաեւ համապետական ծառատունկի իրականացման հարցը: Նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է կրկնապատկել հանրապետության անտառածածկ տարածքները:
Բնապահպանության աշխատանքների կազմակերպման եւ կայունության պահպանման հարցերի համատեքստում նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց անտառների պահպանման, ապօրինի ծառահատումների դեպքերի կանխարգելման, անտառահատումների դեպքերի հայտնաբերման եւ արձանագրման, ինչպես նաեւ նշված խնդիրների շուրջ իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցելու անհրաժեշտության վրա: Նախարարը հորդորեց շարունակել ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված հետեւողական աշխատանքները եւ կանգ չառնել արձանագրված հաջողությունների վրա:
Ոլորտի մասնագետները նախարարին ներկայացրեցին մարզում անտառապահպանության գործում առերեսվող առարկայական խնդիրները եւ նրանց հնարավոր լուծումները, մասնավորապես առաջ քաշելով համապատասխան տեխնիկայով վերազինվելու, հրդեհների կանխարգելման նպատակով անտառային ճանապարհները բարեկարգելու, արոտավայրերի եւ անտառային տնտեսությունների սահմանազատելու անհրաժեշտությունը։
Ամփոփելով հանդիպումը, կողմերը փոխադարձաբար բարձր գնահատեցին կատարված աշխատանքները եւ ունեցած ներդրումը խնդիրների հասցեագրման գործում՝ շեշտելով այդ ուղղությամբ համագործակցության կարեւորությունը: