Գլխավոր Հասարակություն Համաներում՝ քրօրենսգրքի միայն մեկ հոդվածով․կառավարության նախագիծը

Համաներում՝ քրօրենսգրքի միայն մեկ հոդվածով․կառավարության նախագիծը

0

Հայաստանի կառավարությունը մտադիր է առաջիկա նիստում քննարկել մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը զինվորական ծառայությունից խուսափած անձանց համաներման մասին օրենքի նախագիծը։ Տեղեկությունը նշված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում: «Սույն օրենքը կարգավորում է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների (այսուհետ՝ անձանց) նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները»,- նշված է օրենքի նախագծում։

Փաստաթղթի համաձայն՝ խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում համաներումը կտարածվի այն անձանց վրա, որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ՝ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը» հոդվածով։ Համաներում հայտարարելով պատժից ազատում են այն անձանց, որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի։ Կարդացեք նաեւ

Բացի այդ, նախատեսվում է համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը։ Ըստ օրինագծի՝ համաներում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի նաեւ այլ հոդվածներով, նաեւ նրանց նկատմամբ, որոնք մինչեւ այս օրենքի ընդունվելը գտնվում են հետախուզման մեջ, «բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան»։ Այս օրինագծով համաներում չի կիրառվի նաեւ նրանց նկատմամբ, որոնք պատիժը վերջին 10 տարիների ընթացքում կրճատվել է նախագահի կողմից ներում շնորհելու կամ ՀՀ ԱԺ-ի կողմից համաներման ակտի հիման վրա եւ այլն։ Որպես օրինագծի ընդունման համար հիմնավորում նշվում է այն, որ համաներվածներին հնարավորություն կընձեռվի իրենց ավանդը ներդնել «Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգեւոր, մշակութային ոլորտներում զարգացման համար»։

«Առաջնորդվելով մարդասիրության եւ համերաշխության սկզբունքներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ»,- նշված է հիմնավորման մեջ։ Միաժամանակ նշվում է, որ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Մեկնաբանել